Ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով
Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անցկացվել է ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով։
Այն իրականացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022թ. պլանի համաձայն։
Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական անվտանգության համակարգի կատարելագործման վերաբերյալ։
Նիստի մասնակիցները, հաշվի առնելով ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը, առաջարկներ են մշակել տվյալ բնագավառում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել