
Արդարադատության նախարարության՝ պետական գաղտնիքի տնօրինման լիազորությունները կընդլայնվեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել իր լիազորությունները պետական գաղտնիք համարվող տեղեկությունների տնօրինման վերաբերյալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշմամբ հաստատվել են պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների և դրանց տնօրինողների ցանկը։
Ըստ ներկայացված նախագծի՝ արդարադատության նախարարությանը հնարավորություն կտրվի պետական գաղտնիք համարվող հետևյալ տեղեկությունների տնօրինումը՝
- զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկություններ,
- զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ,
- զորքերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկություններ,
- զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկություններ,
- զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման,
- զորքերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկություններ,
- արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին,
- նախագահական, կառավարական կամ այլ ձևի հատուկ կապի և տեղեկատվության, պետական ծածկագրերի, դրանց վերլուծման մեթոդների կամ միջոցների, ծածկագրման միջոցների, գաղտնագրման համակարգերին վերաբերող տեղեկություններ։
Ինչպես ասվում է հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության լիիրավ գործունեության ապահովման հրամայականով և համապատասխան տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորությունների հանգամանքով:
Նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել