HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շինարարությունը սկսվեց Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվեց սեզոնի ավարտին․ ըստ վարչապետի՝ պլանավորման խնդիր կա

Կառավարությունը 580 մլն դրամ կհատկացնի 3 ճանապարհահատվածի, 7 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ 549 մլն դրամը կհատկացվի շինարարությանը, մնացած 31 միլիոնը՝ տեխնիկական հսկողությանը։

«Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում շինարարական ընկերությունը աշխատանքները չարեց, ստիպված եղանք պայմանագիրը խզել, նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք նորից գումար հատկացնում»,- նշեց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ խոսքը Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի մասին է:

Նա նշեց, որ Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:

«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,- հայտնեց Սանոսյանը:

ՏԿԵ նախարարն ասաց, որ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ նաև բավական մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, որովհետև երբեմն դրանք չերևացող են, բայց ժամանակային մաշվածության և այլ խնդիրներ ունեն, որոնք պետք է կարգավորել:

«Երևանը շրջանցող Աբովյան-Առինջ-Ջրվեժ հատվածով Մասիս գնացող ճանապարհի հիմնանորոգումը, կարծում ենք, մեր այն քաղաքացիների երթևեկությունը կհեշտացնի, որոնք դեպի Արարատյան դաշտ կուզեն գնալ, նրանք Երևան մտնելու կարիք չեն ունենա, և Երևանում հոսքը կթեթևանա»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ պլանավորման խնդիր ունեն։

«Շշերի գործարանի մոտ գտնվող կամուրջը Երևան-Սևան մայրուղու վրա է։ Գիտենք, որ կա ժամանակահատված, որ այդ մայրուղին լինում է մաքսիմալ ծանրաբեռնված։ Դա մոտավորապես մայիսի վերջերից օգոստոսի վերջերն ընկած ժամանակահատվածն է, և ինչպես կարող էիք գլխի ընկնել, մեր շինարարությունը սկսվեց Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվեց Սևանի սեզոնի ավարտին։ Այդ ընթացքում ճանապարհահատվածում ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր, որովհետև ճանապարհի մի ուղղությունը փակվել էր ամսիներով, և ճանապարհի այդ հատվածում ամեն օր, էլ չեմ ասում շաբաթ, կիրակի և տոնական օրերին, կիլոմետրանոց հերթեր էին ձևավորվում։ Սա, կարծում եմ, շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով, որովհետև ինչքան մարդ ջղայնացավ, ներվայնացավ, վատացավ, որոշեց չգնա»,- նշեց Փաշինյանը՝ հորդորելով ՏԿԵ նախարարին ուշադիր լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter