Երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեում միջոցառումներ են ձեռնարկվում երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած MAN և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած«Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս 17 և 15-ամյա ուղևորները, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղևորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների և MAN մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել