HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նանսենի 17 շենքի լճակները, օրենքն ու համատիրությունը

2022 թ մայիսի 2-ին էլեկտրոնային նամակ եմ ուղղում քաղաքապետարան, որտեղ պատմում եմ մեր շենքի տարբեր հարկերում գոյացող լճակների մասին

«Նանսենի 17 շենքի հարկերում լճակներ են

Բարև ձեզ։ 

Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ եմ։ Բնակվում եմ Նանսենի 17 հասցեում գտնվող 12 հարկանի շենքում։ Եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, շենքը վթարային կդառնա, եթե, իհարկե, դեռ չի դարձել ջրահեռացման համակարգի խափանվածության պատճառով։ Գրում եմ իմ և շենքի մյուս բնակիչների անունից։

Արդեն տարիներ շարունակ անձրևից հետո շենքի գրեթե բոլոր հարկերում լճակներ են գոյանում։ Ջուրը լցվում է շենքի տակ ու խարխլում հիմքը։ Տարիներ առաջ էլ եղել է այս խնդիրը, որի պատճառով համակարգը միացվել է 1 սենյականոց բնակարանների կոյուղաջրերի հեռացման համակարգին։ Բնակիչները գոհ են եղել, բացի առաջին հարկի բնակչից, որն անձրևոտ օրերին աղմուկ է լսել ու դիմել դատարան։ Դատարանը բավարարել է հայցը։ Համատիրության, թաղապետարանի մասնակցությամբ խնդրի լուծման մի շարք տարբերակներ են փորձարկվել, որոնք չեն արդարացրել իրենց։ Որոշում է կայացվել վերականգնել հին, իրեն չարդարացրած համակարգը։ Եվ արդեն  տասնամյակներ ջուրը քանդում է ոչ միայն շենքի կենտրոնական՝ վերելակին հարակից հատվածը, այլև կաթում է վերևի հարկերի բնակիչների բնակարանները, և առաստաղներից ծեփի պոկվել-ընկնելու դեպքեր են եղել։ Խոնավանում է նաև իմ՝ 9-րդ հարկի բնակչիս միջանցքի պատը։

Համատիրությանն ուղղվող դիմումներն արդյունք չեն տալիս։ Համատիրության նախագահ Ֆլորա Քեշիշյանի խոսքով՝ դատարանի որոշում կա, որի հետ ոչինչ չեն կարող անել։ Ֆ Քեշիշյանը պատրաստակամություն է հայտնում նաև ֆինանսապես աջակցել, եթե բնակիչները կամ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն։ Խնդիրը գնահատող ու լուծման ուղիներ որոնող մասնագետներ համատիրությունը հանձն չի առնում տրամադրել՝ թողնելով դա բնակիչներին։ Թաղապետարանը խնդիրը համատիրությանն է հասցեագրում։ Իսկ խնդիրը խորանում ու խորանում է։ Վախենամ շուտով խոշոր փլուզումներ էլ կլինեն։ Ի դեպ, շենքի մյուս մուտքերում, ինչպես նաև այլ բարձրահարկերում անխափան գործում է 1 սենյականոցների կոյուղատարներին կցված ջրահեռացման համակարգը։ 

Բնակիչներն ակնկալում են շուտափույթ միջամտություն, այլապես հարկ կլինի խնդիրը նաև լրատվամիջոցներով բարձրացնել։ 

Սպասում ենք պատասխանի և նախապես շնորհակալ ենք»։ 

Քաղաքապետարանը պատասխանում է 

pataskhan.jpg (725 KB)

Դիմում եմ գրում նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանին՝ խնդրելով իրացնել թաղապետարանի վերահսկողության գործառույթը համատիրության աշխատանքի նկատմամբ և հետևել, որ Ֆլորա Քեշիշյանը գոնե կարդա քաղաքապետարանի՝ իրեն ուղղված միջնորդագիրը 

mijnordagir.jpg (447 KB)

Դիմում գրելուցս մի քանի րոպե անց ինձ զանգահարում է Ֆ Քեշիշյանը և ասում, որ ինձ հետ միասին հետևողական կլինի, որ թաղապետարանն ինքը զբաղվի հարցով, քանի որ, ըստ իրեն, թաղապետարանն է պատասխանատու տվյալ խնդրի լուծման համար։

Դիմումի արդյունքը լինում է այն, որ մայիսի 23-ին թաղապետարանից երկու աշխատակից է ժամանում շենք՝ ծանոթանալու խնդրին։ Զանգահարում են ինձ, և միասին շրջում ենք շենքի հարկերում։ Լուսանկարում են տարբեր հարկերի՝ ջրի տևական հոսքի ու կուտակման հետևանքով բորբոսնած առաստաղները, բնակարանները, որտեղ կաթոց է եղել, բարձրանում են տանիք, զննում։ Երբ ասում եմ՝ խնդիրը լուրջ է, թաղապետարանի աշխատակիցն ասում է, որ իրեն չզարմացրի վիճակն իսկապես լուրջ է։ Նույն օրը երեկոյան կարճատև անձրև է գալիս, և թաղապետարանի աշխատակիցը խնդրում է ինձ Վայբերով տեսագրություն ուղարկել, որտեղ կերևա շենք լցվող անձրևաջուրը։ Ուղարկում եմ։ Ափսոս՝ գարնանային հալոցքի առաջացրած «հեղեղները» չեմ նկարահանել։ 

photo1.jpg (478 KB)

Քանի որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ուղղածս դիմումի գրավոր պատասխանն ուշանում է, հունիսի 21-ին դարձյալ նամակ եմ ուղարկում քաղաքապետարան՝ հետևյալ բովանդակությամբ 

«Բարև Ձեզ, հարգելի՛ պարոն Կարոյան, 

քաղաքապետարանին ուղղված իմ դիմումից հետո դիմում եմ գրել նաև Նոր Նորքի վարչական ղեկավար Սուրեն Ղամբարյանին (19.05.2022)՝ խնդրելով իրացնել թաղապետարանի վերահսկողության գործառույթը 1/5 համատիրության նկատմամբ՝ ջրահեռացման խողովակի խնդրի լուծմանն ընթացք տալու նպատակով։ Ի պատասխան Նանսենի 17 շենք են ժամանել թաղապետարանի 2 աշխատակից և տեղում համոզվել խնդրի լրջության մեջ։ Սակայն անցել է արդեն մոտ մեկ ամիս, սակայն որևէ միջոց դեռ չի ձեռնարկվել։ Թաղապետարանը նաև գրավոր չի պատասխանել իմ դիմումին, թեև աշխատակիցները խոստացել էին։ Միևնույն ժամանակ նշեմ, սակայն, որ գրավոր որևէ պատասխան գոհացուցիչ չի լինի, եթե այնտեղ նշված չլինեն կոնկրետ ժամկետներ և հանձնառություններ։ 

Ես շնորհակալություն եմ հայտնում դիմումներիս քաղաքապետարանի շուտափույթ արձագանքման համար և կրկին ակնկալում միջամտություն։ Խնդիրը պետք է լուծել մինչև աշուն՝ մինչև նոր անձրևների սկսվելը։

Նախապես շնորհակալ եմ»։

Քաղաքապետարանից պատասխան չեմ ստանում, բայց հունիսի 29-ին  ստանում եմ թաղապետարանի պատասխան նամակը, որտեղ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի կողմից կատարված  տեղատեսության» վկայակոչմամբ նշվում է, որ շենքի տանիքը վերանորոգման կարիք ունի։ Ահա պատասխանի տեքստը, որ փաստորեն չի անդրադառնում իմ արծարծած խնդրին։ Փոխարենը մատն ուրիշ խնդրի վրա է դնում՝ միևնույն ժամանակ լվանալով ձեռքերը և համատիրությանը, իբր մեկ չլուծվածը քիչ էր, մեկ այլ խնդիր  հասցեագրելով

pataskhan2.jpg (448 KB)

Ֆլորա Քեշիշյանի հետ մի քանի հեռախոսազրույց ունեցա։ Դրանցից մեկի ժամանակ, շարունակելով պնդել, որ համատիրության պարտականություններից չէ անձրևատարի նորոգումը (ի դեպ, այս պատմության հիման վրա կարող էր նաև բանավեճ գրվել, որտեղ կբանավիճեին օրենքը, համատիրության նախագահն ու վարչական մարմինները), ասաց, որ համատիրությունն առհասարակ օգնում է միայն ծայրահեղ վթարային իրավիճակների դեպքում։ Հարցին, թե ինչի վրա են ծախսվում հավաքված գումարները, պատասխանեց, որ աշխատում են «բանկային սիստեմով» և ամեն բան անում են կարգի համաձայն։ Նրա խոսքով՝ գանձվող 20 դրամը չի բավականացնում թղթերի, փոստային ծառայության գումարների և հազար ու մի այլ ծախսի համար։  Ֆ Քեշիշյանի պնդմամբ՝ համատիրությունը չունի մասնագետներ, որոնք կարող են լուծել տվյալ խնդիրը, և վարչական շրջանների հետ համագործակցող ՍՊԸ-ներն են լուծում նմանաբնույթ հարցերը։ Ֆ Քեշիշյանի՝ խնդիրը քաղաքային իշխանություններին վերապահելու հիմնական փաստարկը, սակայն, այժմ արդեն այն էր, որ, նրա խոսքով, 2021 թ-ից դարձյալ սկսվել է գույքահարկի գանձումը, որ երկար ժամանակ կասեցված էր, և եթե գույքահարկ է գանձվում, ուրեմն գանձողներն էլ պարտավոր են հոգալ անշարժ գույքի պահպանման ծախսերը (hամատիրության նախագահի ասածը վերաբերում է 2021 թ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությանը, որով անշարժ գույքի հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր)։

Փոխնիփոխ «խաթրով-զոռով» բանակցելուց հետո տիկին Ֆլորան խորհուրդ է տալիս կապ հաստատել «ջրմուղի աշխատող կոյուղագործ» Ա-ի հետ, որը, ըստ նրա, որոշակի վճարի դիմաց կարող է օգնել լուծել խնդիրը։ Ինքն էլ խոստանում է աջակցելել ֆինանսապես՝ համատիրությանը պարտք ունեցող բնակիչներից «դուրս գալով» անհրաժեշտ գումարը։ 

Զանգում եմ տիկին Ֆլորայի խորհուրդ տված մասնագետին։ Նա այցելում է մեր շենք, ցույց եմ տալիս խողովակը, պատմում եմ խնդրի մասին։ Ասում է՝ անձրևի ժամանակ պիտի տեսնի, որ կարողանա հասկանալ՝ կոնկրետ ինչ խնդիր է։ Հեռանում է։ Պայմանավորվել ենք, որ մի անձրևոտ օր պիտի զանգեմ իրեն, որ գա ու պատկերացում կազմի խնդրի մասին։ Երկու ամիս է՝ անձրևի եմ սպասում, հետն էլ վախենում եմ, որ անձրևները կսկսվեն, և/բայց խնդիրը չլուծվի, և մեր շենքի հիմքն ու պատերն ավելի կթուլանան (այս պատմությունը կարող էր հենց անձրևին սպասելուց սկսվել)․․․

Մարիամ Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter