HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է առավել սերտացնել համագործակցությունը: Նախարարը շեշտադրել է համատեղ նախագծերի իրականացումը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր:

«Վահրամ Դումանյանի խոսքով՝ հատկապես գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ և փորձի փոխանակման մեծ ներուժ:

Նախարարը նշել է, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, որի համաձայն՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը: Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ COVID-19 համավարակով և պատերազմով պայմանավորված: Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի դրանք կազմակերպել՝ հաշվի առնելով համատեղ ծրագրերն ու նախագծերը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա մատնանշել է այն ուղղությունները, որոնցով բելառուսական կողմը պատրաստ է գործնական քայլերի՝ ընդգծելով, որ Հայաստանում կրթության որակը բարձր է: Դեսպանը Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter