HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՎԾ․ Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.8 մլրդ դրամի եկամուտից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6 մլրդ 867 մլն 160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ 

Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։

Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին:

Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56 մլրդ 488 մլն 732.400 դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6 մլրդ 213 մլն 760.500 դրամ, մինչդեռ 2011-2021 թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6 մլրդ 213 մլն 760.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: 

Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653 մլն 400.000 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:

Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել էին Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter