Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս
Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս:
«Այսպիսով, մեր հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում էր ստացվել առ այն, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: Արդյունքում, դադարեցվել էր Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:
Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով
Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով շարունակել «Առաջինի լրատվական ալիք», «Արմենիա Թիվի, «Երկիր մեդիա», «Շանթ», «Ա-Թիվի» և «Կենտրոն Թիվի» ծրագրերի հեռարձակումը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը:
Հանձնաժողովի որոշմանը և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում»,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել