HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական նախաձեռություններ. կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, օրենսդրական այս փաթեթով խստացվում են Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները: «Առևտրի և ծառայության մասին օրենքով սահմանած է, թե փողոցում և բացօթյա հատվածումներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Երևանը և այլ համայնքներ բախվում են այս խնդրին, և փողոցային առևտուրն անընդհատ առկա է։ Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։ Նախագծի վրա հիմնականում քաղաքապետարանի մեր գործընկերներն են աշխատել և առաջարկել են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենան բռնագրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել»,-ասել է նախարարը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է. «Պրոբլեմները մենք ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո հետահայաց նայում, ասում ենք՝ ինչի՞ ենք այսքան տարի կոմպրոմիսների մեջ»:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի և երկրում ստանդարտներ սահմանի: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացնելը. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն չպիտի լինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը և՛ պահեստավորումը և՛ անվտանգության ապահովումն ու օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։ Նույնն էլ փողոցային այս առևտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացնենք և առաջ գնանք»։

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր. Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ: Քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշային դասակարգումը կսահմանի տվյալ սուբյեկտի քաղաքաշինական գործունեությունը՝ հաշվի առնելով դրա տեխնիակական հնարավորությունների, անձնակազմի մասնագետների փորձառությունը, կատարված աշխատանքները և այլ չափորոշիչներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը: Մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:

Հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

Կապահովվի հանրային ծառայության համակարգում բարեվարքության, թափանցիկության ամրապնդումը և հանրային վստահության բարձրացումը. Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին: Ներկայացված նախագծերի փաթեթով ակնկալվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում, ինչի արդյունքում կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը և կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը։ Միաժամանակ, ներկայացված նախագծերի ընդունման դեպքում կներդրվի նվերների հաշվառման ռեսստրի ինստիտուտը, որի հիմնական նպատակներից է պետական համակարգի մարմինների գործունեության թափանցիկության ապահովումը։ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, ակնկալվում է հստակեցնել շահերի բախման հասկացությունը՝ այն դարձնելով ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ շահերի բախման իրավիճակը: Ակնկալվում է ընդլայնել նաև փոխկապակցված անձանց շրջանակը, հստակեցնել շահերի բախման իրավիճակների կառավարման առկա մեխանիզմները, սահմանել շահերի բախման պահանջների պահպանման նպատակով կիրառվող պատասխանատվության մեխանիզմները և այլն: Բացի այդ, ակնկալվում է կարգավորել առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը՝ այն դարձնելով առավել թափանցիկ և կառավարելի։Նշված փոփոխությունների արդյունքում կապահովվի հանրային ծառայության համակարգում բարեվարքության, թափանցիկության ամրապնդումը և հանրային վստահության բարձրացումը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում՝ դրա դադարեցումը: Նախագծով հստակ նախատեսվել է նաև օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter