HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օլաֆ Շոլց. «Սա Պուտինի պատերազմն է, այլ ոչ ռուսաստանցի ժողովրդի»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին կարծիք է հայտնել Եվրամիության կողմից ռուսաստանցիների նկատմամբ վիզայի սահմանափակումների վերաբերյալ և հայտարարել, որ «դա պետք է քննարկել», ընդ որում ԵՄ առանձին երկրների մակարդակում «առկա է քննարկումների համար առկա տարածք»։ Այդ մասին հայտնում են Deutsche Welle-ն և Reuters-ը։

«Մեզ համար կարևոր է հասկանալ, որ շատ մարդիկ են փախչում Ռուսաստանից, որովհետև նրանք համաձայն չեն ռուսական վարչակարգի հետ։ Բոլոր որոշումները, որոնք մենք ընդունում ենք, չպետք է բարդացնեն փախուստը ռուսական իշխանություններից և բռնապետությունից։ <...> Սա Պուտինի պատերազմն է, այլ ոչ ռուսաստանցի ժողովրդի»,- ասել է Շոլցը։

Նախորդ շաբաթ Շոլցը ևս հայտարարել էր, որ չի կարող համաձայնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին։ «Սա Պուտինի պատերազմն է, և այդ իսկ պատճառով դժվար է համաձայնել այդ գաղափարի հետ։ Մենք ընդունել ենք շատ հեռուն գնացող պատժամիջոցներ, որոնք անդրադառնում են օլիգարխներին»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։

Նախօրեին Լեհաստանում հայտարարել էին, որ մշակում են հայեցակարգ, որը թույլ կտա վիզաներ չտրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին։ Երկրի ԱԳ փոխնախարարը նշել էր, որ Լեհաստանը կմիանա Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Սլովակիային և Չեխիային, որոնք կամ նախատեսում են ներդնել, կամ էլ արդեն հայտարարել են ռուսաստանցիներին վիզաների տրամադրման սահմանափակումների մասին։ Նրա պնդմամբ՝ նման սահմանափակումներին դեմ են հանդես գալիս Ֆրանսիան, Նիդերլանդները և Գերմանիան։ 

Եվրամիության որոշ երկրներ պաշտոնապես քննարկման են դրել ռուսաստանցիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկը։ Այս հարցը կքննարկվի ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը կկայանա օգոստոսի վերջին, Պրահայում։ Արդեն իսկ որոշ երկրներ, ինչպես օրինակ Չեխիան, Էստոնիան և Լիտվան, բացահայտ կողմ են արտահայտվում այս գաղափարին։

Օգոստոսի 8-ին Զելենսկին The Washington Post պարբերականին տված հարցազրույցում Արևմուտքի երկրներին կոչ էր արել արգելել իրենց տարածք Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը։ Ուկրաինայի նախագահն ասել էր, որ արգելքը պետք է տարածվի նաև այն ռուսաստանցիների վրա, որոնք Ռուսաստանից հեռացել են պատերազմի հետ անհամաձայնության պատճառով։ «Կարևոր չէ, թե դրանք ինչ ռուսաստանցիներ են, նրանց հետ Ռուսաստան ուղարկեք»,- ասել էր Զելենսկին։

Օգոստոսի 12-ին էլ Զելենսկին առաջարկել էր պաշտպանություն տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնց հետապնդում են հայրենիքում և որոնց կարող են սպանել՝ նրանց տրամադրելով փախստականի կարգավիճակ։ «Նրանք պետք է ստանան քաղաքակիրթ աշխարհի օգնությունը։ Դրանք հայտնի իրավական մեխանիզմներ են. փախստականի կարգավիճակի ստացում, ապաստանի տրամադրման հայցում, օգնության և աջակցության այլ միջոցներ։ Բայց սա նրանց համար է, որոնք պայքարում են, ում հետապնդում են։ Եվ դա չպետք է վերաբերվի Եվրոպայում հանգստանալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին, զբոսաշրջության, հաճույքների, գործարար հարաբերությունների վրա։ Չի կարելի աշխատել ահաբեկիչ պետության համար»,- Զելենսկու խոսքերը մեջբերել էր «Украинская правда»-ն։

Լուսանկարը՝ Michael Kappeler/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter