HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում կամավոր բժշկական ամլացում իրականացնելու Կառավարության որոշման նախագծի կարգավորումները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաքննության է ենթարկվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Առավել մտահոգիչ են նախագծի այն կարգավորումները, որոնք նախատեսում են կամավոր բժշկական ամլացման հնարավորություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց համար, իսկ բժշկական ցուցման դեպքում՝ դատարանի որոշմամբ: 

Նկատի ունենալով, որ Հայաստանում գործող անգործունակության համակարգի պայմաններում գործնականում անհնար է ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի լիարժեք իրազեկված համաձայնությունը, ինչպես նաև դատական կարգով արդյունավետ բողոքարկման իրավունքը, առաջարկվել է հրաժարվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասով առաջարկվող կարգավորումներից։ Նշվածը հատկապես մտահոգիչ է, երբ խոսքը բժշկական այնպիսի միջամտության մասին է, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ անձի վերարտադրողական առողջության վրա։

Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից, հակասում է ինչպես միջազգային իրավական ակտերին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, այնպես էլ ներպետական օրենսդրությանն ու Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմանը։

Փորձաքննության արդյունքում վերհանվել են նաև կարգավորման անորոշություններ ամլացման վերաբերյալ անձանց պատշաճ, ամբողջական, մատչելի և հասանելի տեղեկատվություն տրամադրելու բժշկական հաստատության պարտականության, նախագծով սահմանվող «առանձին դեպքերի», դրանց հստակ իրավական հետևանքների և այլ հարցերի մասով։

Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, և հույս ունեմ, որ իրավասու նախարարությունը կվերանայի այն բարձրացված խնդիրները լուծելու համար։

Հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիակատար պատրաստակամությունը՝ նախագծի լրամշակման աշխատանքներին ներգրավելու վերաբերյալ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter