HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել Հակակոռուպցիոն կոմիտեում

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-12-ն անցկացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դրանք Կոմիտեի ծառայողների համար օպերատիվ գործունեության մեթոդների, օպերատիվ աշխատանքի համակարգման և մարտավարության վերաբերյալ առաջին վերապատրաստման դասընթացներն են, որոնք կազմակերպվել են ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով, ինչպես նաև՝ շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ:

«Դասընթացի մասնակիցներին միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հաջողված դեպքերի օրինակներով ներկայացվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և Կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ–ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար:

Մ. Բաբայանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում:

Կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter