
Ըստ Սանոսյանի՝ անբարեխիղճ ճանապարհաշինարարները կպատժվեն
Կառավարությունը 2 մլրդ 734 մլն դրամ կհատկացնի Ստեփանավան-Ագարակ-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհների նորոգման աշխատանքների համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ կհիմնանորոգվի Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կմ հատվածը։ Ըստ նախարարի՝ նախկինում ի հայտ եկած թերությունները վերացվել են, հիմա վերին շերտն է տեղադրվում, և այդ շերտի տեղադրման համար գումար է պետք հատկացնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագծի քննարման ժամանակ հայտնեց, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց․ «Ի սկզբանե այն նախատեսված էր որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց այս տարի մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ խնդիրների մեծ մասը լուծվել է, և մնացել է 500 մետրանոց մի հատված, որտեղ էդ փոսերի հարցը պետք է լուծենք»։
Գնել Սանոսյանը ճշգրտեց՝ 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել․ «Հավանաբար, վաղն այլևս փոսեր չենք ունենա»։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է նաև Տաթևի ոլորանները և Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը։
Անդրադառնալով շինարարական աշխատանքների որակին՝ Գնել Սանոսյանը հայտնեց, որ փորձում են որոշումներ ընդունել, որով այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից բավական շատ խնայողություն են ունեցել, այդ ընկերություններում կրկնակի հսկողություն սահմանել և հասկանալ՝ արդյոք այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք կանեն, թե՞ ոչ։
«Այն, ինչ կառավարությունը ցանկանում է անել, մեր շինարարների հզորությունը չի բավարարում։ Նախորդ տարի 33 մլրդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, մեր շինարարները կարողացան 21 մլրդ դրամի աշխատանք անել, այսինքն՝ չկարողացան այդքան գործ անել։ Այս տարի արդեն 60 մլրդ դրամ հատկացրել ենք․․․ Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ էն երևույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ էս ամառը չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 2023 թ․, այդպես չի լինելու»,- ասաց Սանոսյանը։
«Բա ո՞նց է լինելու»- հետաքրքրվեց վարչապետը։
«Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն։ Վերջապես անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող էդպես աշխատել։ Կան բավական լավ շինարարներ՝ պատշաճ, որակով աշխատող, թող տարբերություն լինի նրանց մեջ, այլապես հիմա միայն բանկային երաշխիք ենք կիրառում, չի տարբերվում լավ ու վատ շինարարը։ Ովքեր նորմալ կաշխատեն, իրենց պայմանագրերը կավարտեն, նորմալ կվճարենք, գնանք առաջ, ովքեր չէ՝ կպատժվեն, կարծում ենք՝ խելքի կգան»,- եզրափակեց ՏԿԵ նախարարը։
Մեկնաբանել