
Հյուսիս-հարավի շինարարության համար ևս 33 միավոր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջացանքի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 միավոր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։ Կառավարության այս որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտնվող մի շարք ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։
Բացի այդ, ըստ նախագծի հիմնավորման՝ ճանապարհահատվածի Մաստարա համայնքի միջով անցնող հատվածի օտարման շերտի լայնությունը մեծացել է և լրացուցիչ օտարման անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ակունք համայնքում ի հայտ են եկել կադաստային շեղումներ, որոնք ուղղելուց հետո Ակունք համայնքում գտնվող որոշ հողամասեր մասնակի ընդգրկվել են ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում, ուստի նշված տարածքները նույնպես օտարելու անհրաժեշտություն է առաջացել:
Նախագծով առաջարկվում է ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Օտարվող սեփականությունների ձեռք բերող է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 1-ը:
Որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երեք նախագիծ էր ներկայացրել, որոնցից առաջինով՝ առաջարկում էր Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչել Սյունիքի մարզի 982 միավոր հողամասերի, երկրորդ նախագծով՝ Սյունիքի 570 միավոր հողամասերի նկատմամբ, իսկ երրորդով՝ Շիրակի մարզի 89 միավոր հողամասերի։
Մեկնաբանել