HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վերականգնվելու է Կապանի այցեքարտերից մեկը

Վաչագան գետի հունի հայելային ձեւավորումը, որը կարելի է համարել Կապան քաղաքի այցեքարտերից մեկը, առաջիկայում վերականգնվելու է իր նախկին տեսքով։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրուցում ասում է, որ նպատակը գետի հունը բարեկարգելն ու քաղաքի համար ներկայանալի հատված դարձնելն է։ Չնայած նախկինում երբեմն հունը տեխնիկայի միջոցով մաքրվել է աղբից ու բուսականությունից, հիմա որոշ հատվածներում բուսածածկն այնքան բարձր ու փարթամ է, որը ջուրը չի էլ երեւում։

Մյուս կողմից՝ մինչ օրս չեն վերականգնվել աստիճանաձեւ կասկադները, որոնք ոչ միայն փոքր ջրվեժներ են առաջացնում, այլեւ հայելային էֆեկտ ստեղծում։ Անբարեկարգ են նաեւ հունը մայթերից զատող հենապատերը, որոնք տեղ-տեղ մասամբ քանդված են։

Վաչագան գետը սկիզբ է առնում Կապանից հարավ-արեւմուտք գտնվող Խուստուփ լեռան լանջերից, հոսում քաղաքի միջով ու դրա կենտրոնում միանում Ողջի գետին։ Երկարությունը 11 կմ է։

Գեւորգ Փարսյանը նշում է, որ գետաբերուկները կուտակելու եւ Վաչագանի՝ Կապանի կենտրոնով հոսող ստորին հոսանքը մաքուր պահելու համար արդեն իսկ ավազան են կառուցել Գարեգին Նժդեհի հուշահամալիրից քիչ ներքեւ (տես ստորեւ)։

Այդ ավազանից մինչեւ գետաբերան՝ Ողջիին միանալու հատվածը (Դավիթ Բեկի արձանի մոտ, երկարությունը՝ 1,7 կմ), ծրագրվում է վերականգնել կասկադները։ Ըստ համայնքի ղեկավարի՝ դրանք նորից պիտի կառուցվեն եւ լինեն համաչափ, լինելու են նաեւ լուսային եւ գունային լուծումներ, ինչպիսիք ներկայում չկան։

Այս աշխատանքների մեկնարկը նախատեսվում է սկսել գալիք տարվանից, իսկ այս տարի կազմվում են նախագծահաշվարկային փաստաթղթերը։

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ սա մեծ նախագիծ է, որի ֆինանսավորումը, թերեւս, կապահովեն սուբվենցիոն ծրագրի հայտ ներկայացնելու եւ համայնքին հատկացվող բնապահպանական մասհանումների միջոցով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter