
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը կներառվի սոցփաթեթի շահառուների ցանկում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն առաջարկում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներառել սոցփաթեթի շահառուների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, ՊՈԱԿ-ն իրականացնում է ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներ, որոնց թվին են դասվում ռադիոհաճախականային սպեկտրի հետ կապված այնպիսի կարևորագույն աշխատանքներ, ինչպիսիք են մաքրության ապահովումը և միջազգային գրանցումը:
ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, հնարավորություն է ստեղծվում նորագույն տեխնոլոգիաների համար հատկացնել սահմանափակ համարվող նոր հաճախականային շերտեր: 2021թ. ընթացքում ազատականացվել և Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով (ՀԾԿՀ) է հանձվել 694-790 ՄՀց հաճախականային տիրույթից 60 ՄՀց-անոց կտոր, որը, գործող սակագների դեպքում, աճուրդային վաճառքից կամ հատկացումից հետո հնարավորություն կտա ՀՀ պետական բյուջե մուտքագրել միանվագ 1.5 միլիարդ դրամ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով` 960 միլիոն դրամ:
2022թ. կազմակերպության կողմից իրականացվել են հետազոտություններ, հաշվարկներ և միջազգային փորձի ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկություն է ներկայացվել ՀՀ հաճախականությունների կառավարման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ 2300-2400 ՄՀց հաճախականային տիրույթի ազատականացման և ՀԾԿՀ-ին տրամադրման համար: Այդ գործընթացի շնորհիվ նույնպես պլանավորվում են մուտքեր ՀՀ պետական բյուջե՝ միանվագ 2.5 միլիարդ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով՝ 1.6 միլիարդ դրամ:
ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ նշված հաճախականային տիրույթները կարևոր դեր են ունենալու 5-րդ սերնդի կապի զարգացման համար (5G):
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերը նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր սարքավորումներով աշխատանքներ իրականացնելու համար պահանջվում են մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Աշխատավարձի չափը բերում է մասնագետների արտահոսքի, որը դժվարեցնում և դանդաղեցնում է օրենքով նախատեսված գործառույթների կատարումը և նոր սարքավորումների տեղարդրումից հետո խնդիրներ կարող են առաջացնել որակյալ մասնագետների ներգարվման համար:
Ուստի, ըստ ԲՏԱ նախարարության՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին սոցիալական փաթեթի տրամադրումը լրացուցիչ խթան կհանդիսանա մոտիվացման և աշխատանքի արդյունավետության, աշխատանքի գրավչության բարձրացման և նոր որակյալ մասնագետների ներգրավման համար:
Որոշման նախագծի ընդունման դեպքում 2023 թվականից սկսած՝ պետական բյուջեի ծախսերը կավելանան կազմակերպության 83 աշխատակիցների համար հաշվարկվող սոցիալական փաթեթի գումարի չափով՝ շուրջ 6 մլն դրամ:
Մեկնաբանել