Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։
Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։
Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2» արբանյակից արված լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Օրինակ` ստորեւ ներկայացված լուսանկարում, որն արվել է այս տարվա հուլիսի 20-ին, երեւում է դեպի Կրխկըզ տանող ճանապարհը եւ մարտական դիրքը սարի վրա (տես կապույտ շրջանակի մեջ)։
Դեպի լեռ տանող ճանապարհը սկսվում է Քաշաթաղի շրջանի Շամք գյուղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։
Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արեւելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորեւ․ աղբյուրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երեւում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։
Այսպիսով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումը, թե իբր իրենք գործողություն են կատարել ու վերահսկողություն սահմանել Կրխկըզ բարձունքի հանդեպ, սուտ է։
Մեկնաբանել