HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամներին

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Տիար Նաջարյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ է փոխանցել Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցել են մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխա ու պատանի:

Հայոց Հովվապետը կարևոր է համարել համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter