
Պաշտպանը Բունդեսթագի փոխնախագահին ներկայացրել է հետպատերազմյան շրջանի հումանիտար խնդիրները
Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։
Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կատրին Գյորինգ-Էքադի առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության և հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային և այլ խնդիրներին, ինչպես նաև խտրականության դեմ պայքարին և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։
Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում և Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին և Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին։
Մեկնաբանել