HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է տարկետում տրամադրել պետության համար առաջնահերթ մասնագիտություններով սովորողներին

Կառավարությունն առաջարկում է բակալավրի կրթական ծրագրով սովորողներին տարկետում տրամադրել պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար։

Առաջարկվում է նաև նշված կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիք սահմանել մինչև 28 տարեկանը։

Գործադիրը հուլիսի 7-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությանը:

Այն պետք է հավանության արժանանա նաև Ազգային ժողովում։

Ըստ որոշման հիմնավորման՝ տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է օլիմպիադաներում մրցանակակակիր լինելու դեպքում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ 2017 թ․-ին «Զինծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո շրջանավարտները զրկվել էին բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից։

«Առաջարկվում է Կառավարությանը լիազորել, որ համապատասխան բնագիտական մասնագիտություններով և որոշակի հստակ բուհերին տրամադրվեն որոշակի քանակով տեղեր, որը կենթադրի տարկետման իրավունք բակալավրիատ մուտքին»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով զորակոչի տարիքի փոփոխությանը՝ նախարարը նշեց․ «Դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Կրթական տարկետում ստացած մեր ուսանողներն այս վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում։ Եթե խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, այժմ դպրոցը 12-ամյա է, և նրանք, ըստ էության, ավարտում են 18, երբեմն 19 տարեկանում։ Եթե գումարում ենք, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտը դեռևս երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ։ Այստեղ խնդիր է առաջանում և տարբեր ոչ բնական լուծումներ են փնտրում։ Այս փոփոխությամբ առաջարկում ենք նրանց զորակոչի տարիքը սահմանել մինչև 28 տարին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարևոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք՝ Կառավարությանը թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն։ Այսինքն, ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter