HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Որդին փորձում է ստանալ մեռած հոր ունեցվածքի իր բաժինը

Քաղաքացի Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը 2003-ից առ այսօր պայքարում է ժառանգորդի իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, չնայած գործի վաղեմության ժամկետն անցել է դեռեւս 2005-ի հուլիսին:

Հ. Տեր-Հովհաննիսյանի հայրը` նկարիչ Ռուբեն Տեր-Հովհաննիսյանը, 1967-ին Երեւանի Մաշտոցի 18 շենքի թիվ 5 բնակարանի վերեւում տարածք է ստացել, որտեղ կառուցել է արվեստանոց եւ Հայաստանի անկախացումից հետո սեփականաշնորհել է իր անունով: 1970-ականներին Ռուբեն Տեր-Հովհաննիսյանը, ամուսնալուծվելով կնոջից եւ նրա խնամքին թողնելով որդուն` Հովհաննեսին, ամուսնացել է թիվ 5 բնակարանի սեփականատեր Զուզե Սարգսյանի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ծնվել է Տիգրան Տեր-Հովհաննիսյանը:

1993-ին Ռուբեն Տեր-Հովհաննիսյանը հիվանդացել է, նրա մոտ ախտորոշվել է իշեմիկ ինսուլտ: 2000-ից Տեր-Հովհաննիսյանը գամված է եղել անվասայլակին, իսկ 2003-ի հուլիսին մահացել է:

Հոր մահվան մասին Հովհաննեսն իմացել է բարեկամներից: Նրա ասելով` հոր երկրորդ կինը` Զուզե Սարգսյանը, ամեն կերպ փորձում էր հիվանդ ամուսնուն հեռու պահել առաջին որդուց: Հովհաննեսը նաեւ նշում է, որ հայրը ձգտում էր իրեն փոխանցել իր մասնագիտական ունակությունները, եւ իրենց մեջ կապը բավականին ամուր է եղել:

Հոր մահից հետո Հ. Տեր-Հովհաննիսյանը դիմել է նոտարիատ` հոր ունեցվածքից իրեն հասանելիք 1/3 բաժնեմասը ժառանգելու նպատակով, սակայն տեղեկացել է, որ հայրն ամեն ինչ նվիրատվության տեսքով փոխանցել է երկրորդ կնոջը` Զուզե Սարգսյանին:

Պարզվել է, որ 2003-ի մարտին Զուզե Սարգսյանը դիմել է նոտարիատ` լիազորագիր վավերացնելու խնդրանքով: Այդ լիազորագրով Ռուբեն Տեր-Հովհաննիսյանն արվեստանոցն ու թիվ 5 բնակարանի իր մասի տիրապետումը, օգտագործումը, ինչպես նաեւ իր անունից հայտարարություններ անելն ու պայմանագրեր կնքելը, ստորագրելը պետք է վստահեր երկրորդ որդուն` Տիգրան Տեր-Հովհաննիսյանին:

Տեղեկանալով, որ լիազորող Ռուբեն Տեր-Հովհաննիսյանը հիվանդ է եւ տնից դուրս գալ չի կարող, նոտար Ռոզա Սահակյանն օրենքի համաձայն դիմել է պոլիկլինիկա` լիազորողի առողջության մասին տեղեկություն ստանալու համար: Պոլիկլինիկայից նրան պատասխանել են, որ իշեմիկ ինսուլտ տարած հիվանդի մոտ առկա է աթերոսկլերոտիկ դիսցիրկուլյատոր ենցեֆոլոպատիա` մնացորդային երեւույթներով: Սակայն միաժամանակ նշված է. «Ներկայումս ի վիճակի է նոտարական գործողություններ կատարել»:

«Կարծում եմ, որ այդ պատասխանը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանզի հայրս պոլիկլինիկայի բժիշկների կողմից հատուկ բժշկական հետազոտման չի ենթարկվել»,- ասում է Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը:

Բայց ահա նոտար Սահակյանը բժշկական այդ պատասխանի հիման վրա վավերացրել է Ռուբեն Տեր-Հովհաննիսյանի լիազորագիրը` տրված որդուն` Տիգրանին:

Հովհաննեսն ասում է, որ միգուցե այս լիազորագիրն իրականում վավերացվել է նշված ամսաթվից ավելի ուշ, պարզապես հոր երկրորդ կինն ու որդին ցանկացել են այն «առաջ գցել», քանի որ շուտով սեփականաշնորհման հին վկայականը փոխարինվել է նորով, եւ դրա համար անհրաժեշտ էր Ռուբեն Տեր-Հովհաննիսյանի մասնակցությունը: Եվ ահա, այս պարագայում հորը կփոխարիներ Տիգրանը:

Բացի այդ, հարկ է նշել, որ Տիգրանին տրված լիազորագիրը ստորագրել է քաղաքացի Ալեքսանդր Հովհաննիսյանը: Նոտար Ռ. Սահակյանի ասելով` Ռուբեն Տեր-Հովհաննիսյանը ստորագրել է լիազորագրի տակ, բայց դժվարացել է գրել անունը, եւ օրենքով ինքը դա անել թույլատրել է Ա. Հովհաննիսյանին:

2003-ի մայիսի 2-ին կրկին Ալեքսանդր Հովհաննիսյանի ստորագրությամբ Ռուբեն Տեր-Հովհաննիսյանն արվեստանոցն ու բնակարանի իր բաժնեմասը նվիրել է կնոջը` Զ. Սարգսյանին:

«Հորս հիվանդությունը դասվում է ծանրերի շարքին, նույնիսկ անձը կարող է ճանաչվել անգործունակ, քանի որ նա ցուցաբերում էր մանկամտություն, չէր կարողանում շարժվել, պայմանագրերը նրա փոխարեն ուրիշն էր ստորագրում, ում հայրս չէր էլ ճանաչում: Ակնհայտ է, որ նոտարը հորս անգործունակ լինելու կասկածների առկայության պարագայում վավերացրել է պայմանագրերը, մինչդեռ այդ հարցը որոշելու համար պարտավոր էր դիմել համապատասխան մարմիններին` հետաձգելով նոտարական գործողությունների կատարումը»,- ասում է Հ. Տեր-Հովհաննիսյանը` նշելով, որ նոտար Սահակյանը զուտ ենթադրությունների եւ դեռեւս մարտին տրված բժշկական պատասխանի հիման վրա է մայիսին վավերացրել նվիրատվության պայմանագրերը:

Ըստ Հովհաննեսի` նոտարը, բացի վերոնշյալից, իր հիվանդ հորը չի տեղեկացրել, չի պարզաբանել նոտարական գործողությունների հետեւանքների մասին, իսկ ահա արվեստանոցի եւ բնակարանի մասի նվիրատվության առանձին պայմանագրերը նոտար Սահակյանը սեղանամատյանում գրանցել է մեկ` 1569 համարի տակ, ինչն օրենքով խստիվ արգելվում է: Այս խախտումը երեւում է պայմանագրերում արված նշումներից:

Բայց ահա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ( դատ.` Մ. Մարտիրոսյան ) ընդունել է նոտարի այն հակադարձումը, թե պայմանագրերը գրանցված են 1569 եւ 1570 համարների տակ, եւ որ վերջինս գործել է օրենքի շրջանակներում: Բացի այդ, պայմանագրերը կնքելուց առաջ, նոտարի հավաստմամբ, հիվանդն անընդհատ կրկնել է. «Ամեն ինչ տալիս եմ կնոջս»:

Նոտարի բացատրությունների հիման վրա դատարանը մերժել է Հովհաննես Տեր-Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Զուզե Սարգսյանի եւ Կենտրոնի նոտարական գրասենյակի:

Վերաքննիչ դատարանը հայցվորի չներկայանալու պատճառով հայցը թողել է առանց քննության: Հովհաննեսը հետագայում դիմել է դատախազություն, որտեղից գործը փոխանցվել է ոստիկանություն, իսկ այստեղ էլ մերժվել է քրեական գործի հարուցումը:

«Ես դիմեցի Փաստաբանների միության նախագահին, նա ինձ փաստաբան հատկացրեց: Բայց տեղեկանալով, որ պայմանագիրը կնքել է նոտար Ռոզա Սահակյանը, փաստաբանը կտրականապես մերժեց վարել գործը` պարզաբանելով, որ եթե դրան ինքն ընթացք տա, ապա նոտարը լավագույն դեպքում պաշտոնազուրկ կլինի, եթե քրեական գործ չհարուցվի նրա նկատմամբ: Փաստաբանն ավելացրեց նաեւ, որ ինքը շատ գործեր է արել այդ նոտարի հետ եւ չի ցանկանում վատություն անել նրան»,- եզրափակում է Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter