HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտական կամ միասնական քննություններում աշակերտների բախտն է ստուգվել

«Հանգիստ լինել, չլարվել, չշփոթվել, գրելուց առաջ կշռադատել»,- ավարտական եւ կենտրոնացված միասնական բուհական քննություններից առաջ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների խորհուրդները շրջանավարտներին հիմնականում սրանք էին։

Չշփոթվել, քանի որ, ըստ հայոց լեզվի եւ գրականության մասնագետների, թեսթերում շփոթեցնող հարցեր կային, շատ հարցեր էլ հայերենի իմացությունը ստուգելու տպավորություն չէին թողնում։

Ուսուցիչների խնդիրն է եղել նաեւ հոգեբանորեն աշակերտներին տրամադրել քննություններին։ «Հոգեբանական էր այն, որ աշակերտների մի մասը միասնական քննության էր մեկնել, մյուս մասը դպրոցում էր քննություն հանձնում, ընկերներով միասին չէին, հոգեբանական էր նաեւ այն, որ հայոց լեզվի եւ գրականության մասնագետները քննասենյակում չէին լինելու»,- ասում է Կապանի թիվ 1 դպրոցի տնօրեն Հասմիկ Համբարձումյանը։

2007 թ. առաջին անգամ Հայաստանում «հայոց լեզու եւ գրականություն» առարկայից պետական ավարտական քննություններն անցկացվեցին նոր քննակարգով։ Շրջանավարտները հանձնեցին կա՛մ ավարտական, կա՛մ կենտրոնացված միասնական քննություն եւ աշխատեցին երկու տարբերակով։ 50 հարցից բաղկացած «Ա» տարբերակը նախատեսված էր դպրոցական ավարտական քննության համար, իսկ 75 հարցից կազմված «Ա+Բ» տարբերակը նախատեսվել էր միասնական քննության հայտ ներկայացրած շրջանավարտների համար։ Վերջինս իր մեջ ներառում էր միջնակարգ դպրոցի ավարտական եւ բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննությունները։ Սյունիքի մարզի 2.399 շրջանավարտներից 1.697-ը մասնակցել է ավարտական, 702-ը` միասնական բուհական քննությանը։ Նրանք, ում համար հայոց լեզուն բուհական քննությունում մրցութային չէ, քննությունը հանձնել են իրենց դպրոցում, հակառակ դեպքում` նախարարության որոշած ուսումնական հաստատությունում։

Սյունիքի մարզում միասնական քննություններն անցկացվել են Գորիսի թիվ 1, 3 եւ 6 դպրոցներում։ Նախորդ տարիներին բուհ չընդունված դիմորդները քննություն են հանձնել նույն համակարգով։

Հայոց լեզվի եւ գրականության մասնագետների ներկայությունը քննասենյակում

արգելվում էր։ Քննակարգում մի շարք փոփոխություններ կային։ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունը տեղի ունեցավ հունիսի 1-ին։ Ավարտական քննական կենտրոնների աշխատանքները համակարգելու նպատակով «Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի» տնօրենն է նշանակել քննության ընթացքի կազմակերպիչներին, ովքեր ըստ քննական կենտրոնների բաշխվել են վիճակահանությամբ։ Միասնական ու ավարտական քննական աշխատանքները ստուգվել են «Գնահատման ու թեսթավորման կենտրոնում»։ Կիրառվել են տեխնոլոգիական սարքավորումներ եւ համակարգչային ծրագրեր։ «Հայոց լեզու» առարկայի համար գնահատվել են միասնական քննության միայն հայոց լեզվի 60 առաջադրանքները, գրականության առաջադրանքների միավորը չի ներառվել միասնական քննության գնահատականում։ Բոլոր 60 առաջադրանքներին ճիշտ պատասխանելու դեպքում քննվողը կհավաքեր 20 միավոր։ 20 միավորին համարժեք էր նաեւ միասնական քննության «Ա» մակարդակի, ինչպես նաեւ ավարտական քննության 50 առաջադրանքի գնահատականը։

Ավարտական եւ միասնական բուհական քննություններից առաջ մտահոգություններ ունեցել են ե՛ւ ծնողները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ ուսուցիչները, նաեւ` տնօրենները։ Փոփոխություններ շատ կային անգամ կազմակերպչական հարցերում։ Աշակերտներն այս տարի անտեղյակ չեն նստել քննասեղանների առջեւ. քննություններից առաջ դպրոցներում նրանց տեղեկացրել են իրենց իրավունքների մասին` ինչպե՞ս բողոքարկել, ի՞նչ ժամանակահատվածում։ Զգուշացվել են, որ քննասենյակներ իրավունք չունեն մտնել պայուսակով, գրքերով, բջջային հեռախոսներով։ Անգամ կազմակերպչական հարցերում ամեն ինչ չէր, որ հստակ էր տնօրենների համար։ «Դպրոցի տնօրեններով ամեն օր զրուցում էինք միմյանց հետ, միասին հստակեցնում մեզ համար ոչ այնքան պարզ հարցերը, հաճախ հարկ էր լինում զանգահարել «Գնահատման եւ թեսթավորման կենտրոն»,- պատմում է Կապանի թիվ 9 դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը։

«Չշտապենք քննադատել,- ասում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը,- ամեն ինչ արվել է, որ քննություններն օբյեկտիվ լինեն։ Հենց այն, որ իրարից արտագրելու հնարավորություն չեն ունենա աշակերտները, հուշարարություններն էլ բացառվել են, բավարար է»։

Կապանի թիվ 9 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Նուրիջանյանն տեղ հանգիստ էր, որ գոնե հարցաշարերում ընդգրկված չէին մեխանիկական հիշողության հետ կապված հարցեր։ Այս մեկը, ըստ ուսուցչուհու, դիմորդի օգտին էր։

Միասնական բուհական քննությունների քննասենյակ տեղական լրատվամիջոցներին չհաջողվեց մտնել։ Քննությունից հինգ օր առաջ զանգահարեցինք Կրթության եւ գիտության նախարարություն` հավատարմագրվելու, բայց մեզ տեղեկացրին, որ արդեն ուշ է, հավատարմագրման գործընթացը վաղուց ավարտվել է։ Քննությունների օրը կարողացանք զրուցել քննասենյակից դուրս եկած դիմորդների հետ նրանց տպավորությունների մասին։ Հուզված եւ անհանգիստ էին ծնողները։

Գորիսի թիվ 6 դպրոցի առջեւ հունիսի 1-ին դիմորդները ժամը 8-ից էին հավաքվել, իսկ քննասենյակ մտել էին նախատեսվածից մեկուկես ժամ ուշ։ «Երեխաները քննասենյակ մտան ժամը 10-ին, քննությունների ընթացքին մեծ էկրանի վրա մեզ հաջողվեց հետեւել միայն ժամը 11-ից։ Այն տեղադրվեց մեր պահանջելուց հետո, եւ դեռ ասում են` թափանցիկ են քննությունները»,- դժգոհում էին դպրոցի շենքի առջեւ հավաքված ծնողները։

Քննությունների ավարտից հետո հայոց լեզվի եւ գրականության մասնագետներից շատերը հասկացան, որ իրենց մտահոգությունները տեղին էին։ Ժամանակին դպրոցում «հայոց լեզու եւ գրականություն» դասավանդած, իսկ այժմ Կապանի «Սոսի» հեռուստատեսության գլխավոր խմբագիր Արթուր Իսրայելյանը չգիտի, թե ինչ տրամաբանությամբ են կազմվել այս տարվա թեսթերը։ Նրա խնդիրն է ամեն օր հետեւել ոչ միայն լրագրողական նյութերի ճիշտ կառուցվածքին, այլեւ հայերեն մտքի ու խոսքի ճիշտ, հստակ շարադրանքին։ «Չորս կամ հինգ տարբերակի դեպքում ենթադրվում էր, որ պետք է լիներ մեկ ճիշտ պատասխան։ Զուգաձեւությունները պետք է բացառվեին։ Բայց այդ սկզբունքը չպահպանվեց։ Միտումնավո՞ր էր սա արված, թե չիմացությունն էր պատճառը,- ասում է նա,- հիմա արդեն էական չէ: Փաստն այն է, որ գրանցվել են ցածր միավորներ։ Իսկ թեսթ կազմելու այս եղանակը մայրենի լեզվի հանդեպ խորշանք առաջացնելու ամենակարճ ճանապարհն էր»։

Այս տարի միասնական բուհական քննությունների արդյունքներն այսպիսին էին՝ 20 միավոր Սյունիքում ստացել է մեկ աշակերտ՝ Սիսիանի թիվ 4 դպրոցի աշակերտուհի Սիրանույշ Զաքարյանը։ 19 միավոր ստացել է` 17, 18 միավոր` 52, եւ 17 միավոր` 96 աշակերտ։

Ինգան այս տարի քննություն է հանձնել միասնական բուհական քննակարգով, ստացել բարձր միավոր՝ 19,6։ Նրա վկայությամբ՝ թեսթերը հեշտ չէին, բարդություններ շատ կային։ «Ենթադրենք ես մասնավոր պարապել եմ, կարողացել եմ գրել, բա մնացածնե՞րը»,- ասում է նա։ Ըստ Ինգայի՝ կային հարցեր, որոնց երկու տարբերակներն էլ ճիշտ էին, բայց աշակերտը մեկը պետք է ընտրեր։ «Ինչու՞ պետք է լինեն զուգաձեւություններ,- ասում է Ինգան,- կարծես հատուկ էին այդպես արել, որ 20 միավոր չնշանակեն։ Կար այսպիսի հարց. ներկայացվել էր բանաստեղծությունը եւ պահանջվում էր պատասխանել` հարանունությո՞ւն է կիրառվել բանաստեղծությունում, թե բառախաղ։ Երկուսն էլ ճիշտ էին, բայց դրանցից մեկը պետք է ընտրվեր»։

Ըստ Արթուր Իսրայելյանի՝ զուր է խոսվում մեր կրթական համակարգն Արեւմուտքի չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։ Ինչու՞ ենք անտեսում այն հանգամանքը, որ հենց նույն Արեւմուտքում մեկ հարցի համար նախատեսվում է մեկ ճիշտ պատասխան։ «Իսկ գրականության հարցերը ոչ մի տրամաբանության չեն դիմանում։ Ո՞րն է, ի վերջո, թեսթ կազմողների նպատակը. աշակերտները խաչբառ լուծել են սովորելու՞, թե գիտելիքներ են ձեռք բերելու»,- անհանգստանում է Արթուր Իսրայելյանը։

Վրիպակները թեսթերում քիչ չէին։ Մասնագետները հենց դրա համար էին անհանգստանում եւ անարդարացի համարում, որ իրենք քննասենյակում չեն լինելու։

Գորիսի Խնձորեսկ գյուղի դպրոցի աշակերտուհի Նոնա Առուշանյանը քննությունից դուրս էր եկել հուզված եւ շփոթված։ «Հարցի չորս տարբերակները, որոնցից պետք է ընտրեինք ճիշտը, բոլորն էլ սխալ էին, ես դիմեցի քննասենյակում գտնվողներին, ասացին` ի՞նչ անենք, մենք մասնագետ չենք։ Ստիպված՝ մեկը ընտրեցի, որովհետեւ բացթողում չպետք է լիներ»,- պատմում է դիմորդը։

Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը հաստատում է, որ վրիպակներ եղել են, այդ փաստը բողոքարկման ժամանակ հաշվի է առնվել։ «Կային հարցեր, որ պետք է ունենային մեկ պատասխան։ Բայց եղել են դեպքեր, որ երկու ճիշտ պատասխան ենք ունեցել, պետք է ընտրվեր դրանցից միայն մեկը։ Սա շփոթություն էր առաջացրել։ Վրիպակները հիմնականում այսպիսին էին։ Գնահատման եւ թեսթավորման կենտրոնը բողոքարկելիս հաշվի է առել այս փաստը եւ 0,3 միավորով բարձրացրել դիմորդի գնահատականը»,- ասում է Արսեն Գրիգորյանը։

Մարզպետարանի կրթության բաժնի պետը նշում է, որ մինչեւ քննությունները իրենք էլ անհանգստություն ունեին. կազմակերպչական որոշ հարցեր հնարավոր է աշակերտին շփոթեցնեին։ Նա պետք է զգոն լիներ, թեսթում նշումներն աներ սահմանված եղանակով, այլապես, ի սկզբանե, նրանց տեղեկացվել էր, որ կզրոյացվեր թեսթը։

«Հիմա կարող եմ փաստել, որ օբյեկտիվ անցան միասնական քննությունները, թեսթերը լավն էին,- ասում է Արսեն Գրիգորյանը,- բայց էլի ես այն համոզմանն եմ, որ դրանք չեն որոշում երեխայի գիտելիքները հայոց լեզվից»։

Ըստ տեղացի մասնագետներից մեկի՝ այս տարվա փորձն ավելի շատ հիշեցնում էր ասպատակություն գիտելիքի դեմ, իսկ ասպատակությունը ենթադրում է ավերածություններ։ «Աշակերտը պետք է հանգիստ սրտով գիտելիքներ ձեռք բերի եւ քննասեղանի առջեւ նստի այն հստակ գիտակցությամբ, որ թեսթերում չկան մութ ու դավադիր որոգայթներ՝ զուգաձեւությունների կամ խաչբառային հարցերի տեսքով»,- ասում է Արթուր Իսրայելյանը:- Իսկ եթե փոփոխություններ ենք ուզում, նախ պետք է սկսել ծրագրերից ու դասագրքերից։

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Արմինե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter