HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշարձաններն օգնություն են հայցում

Պաշտոնական աղբյուրների համաձայն` Սյունիքի մարզում հաշվառված է 2.812 հուշարձան, որից 165-ը եկեղեցիներ են, 650-ը` խաչքարեր, եւ ընդգրկված են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի խոսքով` դրանց պահպանության, վերականգնման գործում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մի մասը հնարավոր է դառնում լուծել տարբեր կազմակերպությունների աջակցությամբ:

«Առաջիկայում Հայ Առաքելական եկեղեցու օժանդակությամբ կսկսվի Մեղրու սբ. Աստվածածին, Իզմիրյան հիմնադրամի աջակցությամբ՝ սբ. Հովհաննես, «Երկիր — մշակույթ» ֆրանսիական կազմակերպության միջնորդությամբ՝ Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցիների վերանորոգումը: Սակայն, վերանորոգումից բացի, կարեւոր է ընթացիկ պահպանության գործը: Պատմամշակութային կառույցների պահպանության գործն իրականացնող հսկիչների աշխատավարձն ամսական կազմում է ընդամենը 20.000 դրամ, եւ այդ գումարով նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է հետեւել 5 տարբեր համայնքների հուշարձանների, այն դեպքում, երբ Սյունիքում գյուղերի միջեւ հեռավորությունը գերազանցում է հանրապետական միջինը, իսկ հսկիչները հարկադրված են սեփական միջոցներով համայնքից - համայնք գնալ: Դիմել ենք ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` վերանայելու հսկիչների աշխատավարձը, սակայն առայժմ որեւէ փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է նրան, որ կան համայնքներ, որտեղ մարդկային անտարբերության գործոնն է հաստատված, մենք իրավասու չենք պահանջելու նրանցից իրենց «տունը» մաքուր պահել»,-ասում է տկն Հակոբյանը:

«Համայնքի բյուջեում որեւէ տող չկա համայնքի պատմամշակութային հուշարձանների պահպանության համար: Պետք է այլ հոդվածներից ծախսենք,- նկատում է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը,- բայց մեր համայնքն այնքա~ն խնդիրներ ունի»:

Ինչպես այս, այնպես էլ այլ համայնքների ղեկավարներ խոստովանեցին, որ թեպետ իրենց գյուղերի տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանները հաշվառված են համայնքի հաշվեկշռում, սակայն որեւէ միջոց չի ձեռնարկվում դրանց պահպանության համար: Ավելին` համայնքներից մեկի ղեկավարը, որը խնդրեց չհրապարակել իր անտեղյակության փաստը, հպարտանալով, որ իրենց գյուղի տարածքում է գտնվում հռչակավոր մի կառույց, զարմացավ. «Առաջին անգամ եմ լսում, որ համայնքային իշխանությունը նման պարտականություն էլ ունի: Երկու-երեք միլիոն դրամ պետությունը լրավճար է տալիս, հազիվ միայն աշխատավարձ ենք վճարում: Եթե Հայաստանում կա մի գյուղապետ, որը կարող է համայնքի բյուջեի հաշվին եկեղեցի նորոգել կամ հսկիչի վճարել, ես տասնապատիկը իմ գրպանից կվճարեմ»:

Կապանի Սեւաքար համայնքի ղեկավարը նշեց, որ իրենց գյուղի առաջնահերթ խնդիրներից է գյուղի տարածքում գտնվող միջնադարյան եկեղեցու վերականգնումը, որի համար դիմել են մի շարք գործարարների: «Խոստացել եմ մարդկանց, պիտի նորոգեմ»,- ասում է համայնքի ղեկավար Արշավիր Հակոբյանը:

«Լավ կլինի, որ հատկապես եկեղեցիները, որոնք գտնվում են համայնքների հաշվեկշռում, հանձնվեն Մայր Աթոռին, վերջինս կզբաղվի այդ կառույցների պահպանության հարցերով»,- իր կարծիքն է հայտնում Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդության Գորիսի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը:

«Ցավ եմ ապրում, երբ չպահպանված եկեղեցի եմ տեսնում: Ցավոք, դրանք շատ են նաեւ Սյունիքում: Կարծում եմ՝ երիտասարդությունը լավ չի գիտակցում մեր պատմական արժեքների, մասնավորապես հուշարձանների պահպանության կարեւորությունը: Նաեւ տեղեկացված չէ դրանց մասին: Չկան կազմակերպություններ, որոնք կզբաղվեն այս ոլորտում երիտասարդների իրազեկության բարձրացման գործով»,- նկատում է Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ Գոհար Սարգսյանը, ով ցանկություն ունի համախմբել հասակակիցներին՝ հայրենի երկրի հուշարձանների տարածքները գոնե մաքրելու համար:

«Վերջին տարիներին վերանորոգվել է Թանահատի վանքը, ընթացքի մեջ են Վահանավանքի եւ Հալիձորի բերդի վերականգնման աշխատանքները»,- տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը:

«Միջնադարյան ռոմանական ճարտարապետության հիմքը հայկական ճարտարապետությունն է: Մեր եկեղեցիները միայն պաշտամունքային կառույցներ չեն,այլ հայ ճարտարապետական մտքի հանճար: Ամեն համայնքի ղեկավար պարտավոր է ստանձնել իր համայնքի պատմամշակութային արժեքի պահպանությունը,- ասում է ճարտարապետ Սեւադա Զաքարյանը: Ու՞մ ենք սպասում` որեւէ բարերարի՞, այլազգի մեծահարուստի առատաձեռնությունի՞ց է կախված այն հուշարձանների ճակատագիրը, որով պատեհ-անպատեհ հպարտանում ենք»:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Արփինե Մկրտչյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter