Ոչ-ոքի տարբերակ` հօգուտ Ադրբեջանի
Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ն չեղյալ է հայտարարել այս տարվա սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները` կողմերին շնորհելով 0-ական միավոր:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այդ որոշումը կայացրել է` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական լարված իրավիճակը եւ անվտանգության գործոնը. ՀՖՖ-ին եւ ԱՖՖԱ-ին մեկուկես տարի չհաջողվեց համաձայնության գալ:
Այս որոշումն անակնկալ էր երկու կողմերի համար էլ: Եթե ադրբեջանական կողմը պնդում էր, որ խաղերը պետք է անցկացվեն չեզոք դաշտում, ապա ՀՖՖ-ն նշում էր, որ կտրականապես դեմ է երեւանյան հանդիպումը չեզոք դաշտ տեղափոխելուն ( ՀՖՖ-ն այս հարցում իր շահերի պաշտպանության համար մտադիր էր դիմել Միջազգային մարզական արբիտրաժային դատարան ) , ավելին` ադրբեջանցիներին մեր իշխանությունները պատրաստ էին պետական մակարդակով անվտանգության գրավոր երաշխիքներ ներկացնել: Իսկ ահա Բաքվի խաղի տեղափոխման հարցում ՀՖՖ-ն պատրաստ էր ընդունել ՈւԵՖԱ-ի ցանկացած որոշում, չնայած որ հայկական կողմն ի սկզբանե դեմ չէր հենց Բաքվում խաղալուն:
ՀՖՖ-ի այսպիսի դիրքորոշումը եւ հայտարարությունները ադրբեջանցիները որակում էին որպես դեմագոգիա: Ըստ նրանց` հայկական կողմը բոլորովին էլ մտադիր չէր մեկնել Բաքու եւ պարզապես փորձում էր հասնել նրան, որ ՈւԵՖԱ-ն պատժի Ադրբեջանին` տեխնիկական պարտություններ գրանցելով նրա հաշվին, քանի որ վերջինս հրաժարվում էր խաղալ Բաքվում ու Երեւանում:
Իրականում ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ հայերը Բաքու ժամանելուց չեն խուսափում, ինչի ապացույցն է այն, որ աշնանը հայ ըմբիշները, ի հեճուկս ազերիների կողմից նախապես ստեղծված բոլոր խոչընդոտների, մասնակցելու են Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Փաստորեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ( ՄՕԿ ) եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ճնշման տակ Ադրբեջանը երաշխիքներ ներկայացրեց Հայաստանի ըմբշամարտի ոչ փոքր պատվիրակության անվտանգության համար, իսկ հայ ֆուտբոլիստների մուտքը Բաքու կտրականապես մերժեց: ՈւԵՖԱ-ն էլ որոշեց ոչ ավել, ոչ պակաս չեղյալ հայտարարել ֆուտբոլային երկու հանդիպումները:
Կարծիքներ են հնչում, թե հնարավոր է, որ ՈւԵՖԱ-ին այսպիսի որոշում կայացնելու հարցում համոզել են ադրբեջանցի ֆուտբոլային գործիչները: Սակայն դժվար է հավատալ, որ ՈւԵՖԱ-ի «շարքային» անդամ Ադրբեջանը կարող էր ճնշում բանեցնել եվրոպական խոշորագույն կառույցներից մեկի վրա: Հենց ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն է գրում, որ «ոչ ոք ուշադրություն չդարձրեց» ԱՖՖԱ-ի ղեկավարների կողմից բանակցային սեղանին դրված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի այն փաստաթղթին, որում ասվում է, թե իբր հայերն օկուպացրել են Ադրբեջանի տարածքները: «Մեր պաշտոնյաների մեկ այլ փորձ նույնպես անհաջողության մատնվեց. ԱՖՖԱ-ի ղեկավարությանը չհաջողվեց նախապես ապահովել ՈւԵՖԱ-ի գործկոմի միակ մուսուլման անդամ Շենես Էրզիկի աջակցությունը»,- գրում է «ԱՊԱ»-ն:
Իրատեսական է թվում հետեւյալ տարբերակը: Այս տարվա հունվարին խնդրի լուծումն իր վրա վերցրած ՈւԵՖԱ-ն, փաստորեն, ցույց տվեց, որ առանձնապես հետաքրքրված չէր իր «փոքր» անդամների անհամաձայնության կարգավորմամբ, այլապես հզոր լծակներ ունեցող այդ կառույցը լուրջ միջոցներ կձեռնարկեր եւ չէր ընդունի նման աննախադեպ ու արտառոց որոշում:
ՈւԵՖԱ-ն չցանկացավ հակամարտության մեջ գտնվող պետությունների մարզական խնդիրը լուծել գործող կանոնակարգով, ինչպես արվել է նախկինում: Ըստ այդմ` պատժամիջոցներ են կիրառվել անհնազանդների դեմ: Իսկ այս դեպքում անհնազանդն ու մեղավորը մեկն է` Ադրբեջանը, որը, ի տարբերություն Հայաստանի, ընդդիմանում էր ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնակարգերին` պնդելով իր ուզածը: ՈւԵՖԱ-ն էլ, փաստորեն, չորը թացի հետ խառնելով, ընդունեց մի որոշում, որից Հայաստանը նվազագույնը չշահեց:
Իսկ ցանկացած այլ որոշում այս կամ այն չափով կլիներ հօգուտ մեզ` նույնիսկ երկու խաղերը չեզոք դաշտում անցկացնելը:
«Ցավալի է, որ կայացվել է այսպիսի որոշում, բայց միեւնույն ժամանակ վստահում եմ եւ ընդունում ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնակարգերն ու մասնավորապես այս որոշումը, քանզի կարծում եմ, որ միայն շատ ծանրակշիռ եւ էական գործոններն ու փաստարկները կարող էին հիմք հանդիսանալ նման աննախադեպ որոշման համար»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Իսկապես, ավելորդ ու անիմաստ է ( նաեւ վտանգավոր, քանի որ ՀՖՖ-ն պարբերաբար դրամական օգնություն է ստանում ՈւԵՖԱ-ից ու ՖԻՖԱ-ից ) ՈւԵՖԱ-ի այս որոշումը դատարանում բողոքարկելը, բայց նաեւ վրդովեցնող է, որ հայ ֆուտբոլիստները, ոչ իրենց մեղքով, զրկվում են միավորներ ձեռք բերելու լավ հնարավորությունից:
Իրենց հերթին ադրբեջանցիներն ուրախությամբ հայտարարում են, որ այս վեճում իրենք «նվազագույնը չեն պարտվել»: Նրանք, ըստ Day.az-ի, բավարարված են այն պատճառով, որ «հայերի պլանը ձախողվել է»` ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ իրենց նկատմամբ չի կիրառել: Իրականում, սակայն, ազերիներն ավելի շատ ուրախացել են հնարավոր պարտություններից խուսափելուց, քանի որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականի խաղամակարդակի կտրուկ վերելքը եւ ադրբեջանցիների շարունակական դոփյունը տեղում մեր հարեւանների համար ոչ մի լավ բան չէին խոստանում:
Խոսելով ՈւԵՖԱ-ի որոշման առիթով Ադրբեջանի ֆուտբոլային պաշտոնյաների ժպիտների եւ երկրում ուրախության առկայության ու դրան զուգահեռ նաեւ իրենց հավաքականի «անորակ» խաղի մասին` «ԱՊԱ» գործակալության մեկնաբանը դառը հեգնանքով գրում է. «Ուրեմն, մենք արդեն այսօր պետք է սկսենք աղոթել, որպեսզի աշխարհի առաջնության հերթական ընտրական փուլում հայերի հետ նույն խմբում չհայտնվենք: Աղոթել, որպեսզի վտանգավոր ուրվականը շրջանցի մեզ...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել