
Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը կարի ժամանակակից արտադրամաս է կառուցում
«Շող-Մակ» ՍՊԸ-ն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 2/14 հասցեում ժամանակակից կարի արտադրամաս կառուցելու նախագիծ է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գհահատման։
«Շող-Մակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ․ դեկտեմբերի 11-ին։ Միակ բաժնետերը Շողերինա Մկրտչյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը։ Ընկերության կանոնադրական կապիտալը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների, 301 մլն 650 հազար դրամ է։
Ինչպես նշված է ՇՄԱԳ-ում, ներկայում տարածքում առկա է վթարային մեկ մասնաշենք, որը ենթակա է քանդման։
Երևանի քաղաքապետարանը նախատեսվող արտադրական մասնաշենքի կառուցման համար 2021թ․ դեկտեմբերի 22-ին նախագծման թույլտվություն է տվել (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Այդ թույլտվության մեջ նշվում է, որ տարածքում բամբակի մաքրման արտադրամասեր կան, պահակատուն և այլ տարածք։
Հողի ընդհանուր մակերեսը 4832 քմ է, որը սեփականության իրավունքով նույն ընկերությանն է պատկանում։ Հողամասը երկու կողմով սահմանագիծ ունի կից հարևան երեք հողամասի հետ, իսկ մի մասով այն հարում է Արտաշատի նոր խճուղուն։
Նախատեսված են կառուցել երկու ստորգետնյա հարկ, որոնք պիտի ծառայեն որպես ավտոկայանատեղի, և վերգետնյա հարկ, որտեղ պիտի լինեն հիմնական արտադրական տարածքները։ Շենքում պիտի կազմակերպվեն կարի արտադրական հոսքագծեր։ Տանիքում նախատեսված է նաև կաթսայատան համար տարածք։
Նշենք, որ նախատեսվող արտադրամասից շուրջ 300 մ հեռավորությամբ գտնվում է Ալեքսանյանների «Ալեքս Տեքստիլ» կարի ֆաբրիկան։
Գլխավոր լուսանկարը՝ Շողերինա Մկրտչյանի ինստագրամյան էջից
Մեկնաբանել