HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021 թ. պետգույքի մասնավորեցումից ստացվել է 407 մլն 547 հազար դրամ

2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:

Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 10-ի նիստում՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» քննարկման ժամանակ:

Հաշվետվությունն ընդգրկում էր 2021 թ. ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման պահանջների:

Ներկայացնելով մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ստանձնվել է 5 պարտավորություն, որից 3 գնորդի կողմից կատարվել են պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:

Փաստաթղթում արտացոլված են նաեւ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել 2 առեւտրային կազմակերպություն. լուծարման գործընթացն ավարտվել է: «Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը հաստատել է քննարկված հաշվետվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter