Բերձորում տեղի է ունեցել «Քաշաթաղ+» ինտելեկտուալ փառատոնը
Մայիսի 22-ին Արցախի Բերձոր քաղաքում տեղի ունեցավ «Քաշաթաղ+» ինտելեկտուալ փառատոնը, որին մասնակցեց 14 թիմ' Երևանից, Գյումրիից, Ստեփանակերտից, Շուշից, Մարտակերտից, Ասկերանից, Բերձորից, Հադրութից, Քարվաճառից և Մարտունուց:
Մրցաշարը նվիրված էր Բերձորի ազատագրման 19-ամյակին. մինչ մրցաշարի սկսվելը ինտելեկտուալ մրցույթի մասնակիցներն այցելեցին Բերձորի ազատագրմանը նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկներին:
Գիտակների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Տիգրան Քոչարյանը հայտնում է, որ մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց «Պերեզագրուսկա» թիմը (Երևան), երկրորդ տեղը' «Մաֆիոզի» թիմը (Երևան): Երրորդ տեղը կիսեց միանգամից երեք թիմ' «Էռոր» (Երևան), «Խորանարդ» (Գյումրի) և «Վարանդա» (Ստեփանակերտ):
Հաղթող թիմերը ստացան մրցանակներ գրքերի տեսքով' գեղարվեստական և ճանաչողական 60 տարբեր գիրք: Մրցանակակիրները միաձայն որոշեցին գրքերը նվիրել Բերձորի դպրոցի գրադարանին:
«Քաշաթաղ+» ինտելեկտուալ փառատոնի հովանավորներն են Արցախի մշակույթի նախարարությունը, Քարվաճառի քաղաքապետարանը, «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը: Մրցաշարի անցկացմանը աջակցել է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
«Երկրորդ անգամ է անցկացվում այս ինտլեկտուալ փառատոնը, որը ԼՂՀ և ՀՀ իշխանություններն իրենց հովանավորության տակ են վերցրել, քանի որ հասկանում են, որ հայկական ինտելեկտն այն բրենդն է, որն առանձնակի մեծ ներդրումների չի պահանջում, սակայն որի միջոցով մենք միշտ կարող ենք Հայաստանը արժանապատիվ ներկայացնել դրսում»,- ասաց մրցաշարի կազմակերպիչ և վարող Համբարձում Արզանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել