HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

25 տարի անց «Բանվորի արձանը» կրկին ցուցադրվում է

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսը։ Արձանի անհետացումից 25 տարի անց առաջին անգամ ցուցադրվում են արձանի գլուխը և բռունցքը։

2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց, Թալին Գրիգորյանն ու ընկերը սկսեցին փնտրել այն։ Որոշ ժամանակ անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված  հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։ Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։

Ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի խոսքով՝ միջոցառումը բացառիկ է, քանի որ ցուցադրվում է մոնումենտալ այնպիսի հուշարձան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ցուցադրել բաց տարածքում։

«Տեխնիկապես բավականին բարդ էր արձանի մասերի տեղափոխումը, վերամբարձ կռունկով արձանի գլուխը և բռունցքը պատուհանից ենք ներս մտցրել։ Մյուս մասերը չէինք կարող ցուցադրել, քանի որ դրանք բավականին ծանր էին, իսկ սրահի հատակը նախատեսված չէ նման ծանրության համար»,- ասում է Մարիամ Դավթյանը։

Վաղուց է, ինչ «Բանվորի արձանն» այլևս չկա, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես տարածքում կողմնորոշվելու լավագույն միջոց։

1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը»։

Արձանի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է։ 11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։

Խորհրդային կարգերի տապալումից և Հայաստանի անկախացումից հետո մարդկանց մոտ ձևավորվել էր հակակրանք և ատելություն կոմունիստական որակվող գրեթե ցանկացած բանի նկատմամբ։ Հենց այս պատճառով ոչնչացվեցին մշակութային բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում նաև՝ «Բանվորի արձանը»։

«Շատերը մեզ ասում էին, որ արձանի մի ձեռքում մուրճ կա, մյուսում՝ «Պրավդա»։ Մի օր նստած էինք տանը, երբ ժուռնալիստների մի խումբ ներխուժեց տուն, և նորից նույն բանն էին ասում, որ արձանի ձեռքին մուրճ ու «Պրավդա» է։ Հայրս էլ չդիմացավ, ասաց՝ ա՛յ բարեկամներ, ես ինչպե՞ս կարող էի չուգունից «Պրավդա» ձուլել»,- պատմում է քանդակագործի որդին՝ Արամ Հարությունյանը։

1997թ․-ին մեկ գիշերվա ընթացքում արձանը տապալեցին։ Ապամոնտաժումից հետո «3-րդ ալիքի» հաղորդումներից մեկի ժամանակ լրագրողը հարցնում է, թե արձանի հեռացման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Երևանի քաղաքապետարանը։ Լրատվական բաժնի աշխատակցուհին պատասխանում է, որ քաղաքապետարանը «Բանվորի արձանը» համարում է այնպիսի մշակութային արժեք, ինչպիսին տասը գծամետր լավ տաշած մայթեզրի քարը, և ըստ այդմ էլ վերաբերվում է դրա ճակատագրին։

«Գիշերը, երբ իմացա՝ ինչ է տեղի ունեցել, միանգամից գնացի էնտեղ։ Տեսա տարօրինակ խրախճանք, աշխատավորներն ուրախանում էին, որ իրենց արձանը գետնել են։ Առավոտյան հայրս իմացավ, նա արդեն հիվանդ էր, իրեն ասել էին, որ արձանը լավ ամրացված չի եղել․ ընկել է։ Ասաց՝ ասեք նրանց, որ արձանը երկաթյա ռելսով է ամրացված, անհնար է պոկվեր»,- հիշում է Արամ Հարությունյանը։

Արձանի տապալումից երկու տարի անց քանդակագործը մահացավ։

Ցուցահանդեսի ներկաները հիշում են, որ «Բանվորի արձանը» յուրօրինակ լուսավոր աուրա էր հաղորդում այն ժամանակվա գորշ «Երրորդ մաս»-ին, ցավալիորեն շատերը չհասկացան, որ արձանը իսկական հայ մարդու, աշխատավորի թուջե կերտվածքն է, որը ոչ մի աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ։

2011-ին «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորումը «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցրեց ամբողջ հասակով արձանի պաստառը՝ փորձելով այդկերպ մարդկանց հիշողության մեջ պահպանել «Բանվորի արձանը»։

Նմուշները, հունիսի 1-ից սկսած, երկու ամիս կցուցադրվեն Ազգային պատկերասրահում։ Այս պահին կազմակեպիչները դեռևս չգիտեն, թե ցուցադրությունից հետո նմուշները և արձանի մյուս մասերը որտեղ և ինչպես կպահպանվեն։

Մեկնաբանություններ (3)

Hetq
Thanks for the corrcection Paul V
Մհեր
"որ արձանը իսկական հայ մարդու, աշխատավորի թուջե կերտվածքն է, որը ոչ մի աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ։"․․․․․․Հեղինակը այս նախադասությամբ ի՞նչ նկատի ունի։ Կասկած չկա որ արձանը, իրոք, աղերս ունէր ընկերվարության գաղափարածուությանը։ Արձանը խորդանիշ էր բանվոր դասակարգի ուժին, թէ հայկական թէ համաշխարային առումով։ Պնդել որ բնավ կապ չունէր համայնավարության սկզբունքին, ուղղակի միամտություն է։
Paul V
Ara Harutyunyan is buried at the Yerevan Municipal Pantheon at Tokhmakh, not the Komitas Pantheon. These two Pantheons are often confused.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter