
Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում էր. կար հատուկ առիթ
Այսօր Ազգային ժողով էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորը հազվադեպ է լինում ԱԺ-ում, այն էլ' առանձնահատուկ դեպքերում: Այսօր այդ առանձնահատուկ օրերից մեկն էր Գագիկ Ծառուկյանի համար:
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Քրեական դատավարության մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Ըստ նրա' այս փոփոխությունները «մինի ամնիստիա» են:
Օրենսդրական փոփոխությունների նպատակը այն անձանց ցանկի ընդլայնումն է, որոնք համաներմամբ ազատ կարձակվեն: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած համաներման նախագիծը ԱԺ-ն կքննարկի և, պատգամավորների հավաստմամբ, կընդունի չորեքշաբթի:
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ փոփոխությունները փոխկապակցված են սպասվող համաներման ակտի հետ: Փոփոխված օրենքները ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ զգուշացրեց պատգամավորներին, որ նիստերի դահլիճից չհեռանան, քանի որ քվեարկություն է լինելու: Պատգամավորները մի կերպ կարողացան 40 րոպե նստել ԱԺ-ում, իսկ օրենքների ընդունումից անմիջապես հետո հեռացան դահլիճից:
Քվեարկությունից անմիջապես հետո ԱԺ-ից հեռացավ նաև Գագիկ Ծառուկյանը: Նա դուրս եկավ ոչ թե պատգամավորների համար նախատեսված սովորական, այլ ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքից:
Մեկնաբանել