
Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով
2022 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) շտապ հավաքագրված տվյալներից։
Մարտին տնտեսական ակտիվության աճի տեմպերի դանդաղումից հետո ապրիլին որոշակի արագացում է նկատվում։
Տարվա չորս ամիսներին տնտեսության ոլորտներից ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում։ Այս տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում մատուցված ծառայությունների ամբողջ ծավալը կազմել է 698 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 23.5%-ով աճել է։
Նույն ժամանակահատվածում 9%-ով աճել են շինարարության ծավալները՝ կազմելով 81 մլրդ դրամ։
Առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.8% մլրդ դրամով՝ հասնելով 1 տրլն 86 մլրդ դրամի։
Ամենահամեստ աճը արդյունաբերության ոլորտում է՝ 2.6%: Նշված չորս ամիսների Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 755 մլրդ դրամ։
Չի նահանջում գնաճը։ Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սպառողական գները Հայաստանում 7.4%-ով բարձրացել են։
Աշխատավարձի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն։
Ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը
2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.907 մլրդ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 33.8%-ով աճել է։
Մասնավորապես, ներմուծումն աճել է 39.1%-ով՝ կազմելով 1.881 մլրդ դոլար, իսկ արտահանումը՝ 25.2%-ով՝ կազմելով 1.026 մլրդ դոլար։
Մեկնաբանել