«Հայացք». Հարավային Կովկասը թողնվեց «ռեզերվում»
Երեկ Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովը: Այն նվիրված էր ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի ձևավորման 20-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 10-ամյակին: Միաժամանակ սա առաջին ՀԱՊԿ գագաթաժողովն էր Վ.Պուտինի կողմից ՌԴ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո, և ինչպես սպասելի էր, Կրեմլի հին-նոր տերը գործընկեր պետությունների ղեկավարներին պետք է համապատասխան «մեսիջներ» հղեր` ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի քաղաքականության հնարավոր փոփոխությունների հետ կապված: Դեռ մինչև գագաթաժողովի բացումը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կրեմլի տեղեկացված աղբյուրներին, լուր տարածեց այն մասին, որ Ռուսաստանը, իբրև ՀԱՊԿ գործունեության հետագա առաջնահերթություններ, դիտարկելու է կոլեկտիվ անվտանգության համակարգի կատարելագործումը` ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացումը, ինչպես նաև «ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացումը»:
Ըստ հիշյալ աղբյուրի կանխատեսման` Ռուսաստանը մյուս վեց պետություններին կառաջարկի ընդունել հռչակագիր, որում արտահայտված կլինեն վերոնշյալ բոլոր ցանկությունները: Կանխատեսումն արդարացավ, և գագաթաժողովը ընդունեց հռչակագիրը: Միայն նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած առաջին նիստի արդյունքների մասին ՌԴ նախագահը մասնավորապես նշեց. «Նեղ կազմով հանդիպման ընթացքում մենք ունեցանք շատ անկեղծ խոսակցություն, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում համաշխարհային արդիական խնդիրների շուրջ: Մեր դիրքորոշումները շատ մոտ են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ: Վստահ եմ` ՀԱՊԿ-ի դերն աշխարհում աճելու է և հետագայում»: Ըստ ՌԴ նախագահի` քննարկվել են ժամանակակից մարտահրավերների դեմ կոլեկտիվ անվտանգության միջոցառումներին վերաբերող հարցեր` առաջին հերթին Աֆղանստանի հետ կապված: Առարկայական քննարկում է տեղի ունեցել Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում ստեղծված իրադրության, այդ թվում Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:
ՀԱՊԿ խորհրդում այս պահին նախագահող երկրի` Ղազախստանի նախագահի մեկնաբանությամբ` ընդունված նոր հռչակագրում «արտահայտված են միջազգային անվտանգության բոլոր ասպեկտները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանը, և լիովին իրատեսական գնահատական է տրված կազմակերպության գործունեությանը մեր համագործակցության ողջ ընթացքում»:
Ըստ «Ռոսբլատ» գործակալության` նոր հռչակագրում տեղ են գտել Կրեմլի համար նախընտրելի ձևակերպումները: Մասնավորապես նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները «հավատարիմ են մնում Հավաքական անվտանգության պայմանագրի նպատակներին և սկզբունքներին, պատրաստակամ են զարգացնել և խորացնել դաշնակցային հարաբերությունները` արտաքին քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, վերազգային մարտահրավերներին, կայունության և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու առումով»: Կարելի է արձանագրել, որ Պուտինը անմիջապես սկսել է գործել իր իսկ հռչակած արտաքին քաղաքական դոկտրինին համապատասխան, որի որոշիչ կետերից մեկն էլ հենց ՀԱՊԿ շրջանակում «ինտեգրացիայի խթանումն է»:
ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովին անմիջապես հաջորդեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին ՀԱՊԿ-ի պետություններից բացի մասնակցում էին նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները: Սակայն ԱՊՀ ձևաչափը գործնականում վերածվել է դիրքորոշումների ճշգրտման քաղաքական ակումբի, և այս ձևաչափում ավելի կարևոր են երկկողմ, տվյալ պարագայում` Ռուսաստանի նախագահի նախաձեռնած հանդիպումները, որովհետև դրանք են ընդգծում Ռուսաստանի առաջնային հետաքրքրությունները ԱՊՀ տարածքում, գոնե այս պահին:
Մինչ նախագահների Մոսկվայում հավաքվելը ռուսական որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին «հավաստի աղբյուրներին» հղումով մեկնաբանություններ, որ ՌԴ նախագահը, օգտվելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մոսկվայում գտնվելու հանգամանքից, մտադիր է կազմակերպել եռակողմ հանդիպում` Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա ընթացքը քննարկելու և իր հնարավոր մոտեցումները ներկայացնելու համար: Այդ կանխատեսումների համար հիմք էր ծառայել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Ի. Պոպովի հայտարարությունը, թե Պուտինը մտադիր է ակտիվ դեր խաղալ Ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացում: Կանխատեսումը սակայն չիրականացավ:
Ռուսաստանի հին-նոր նախագահը այս անգամ ակնհայտորեն նախընտրեց ուշադրությունը սևեռել Կենտրոնասիական տարածաշրջանին և առաջին երեք «տետատետ» հանդիպումները անցկացրեց Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի, Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ: Բոլոր դեպքերում էլ ՌԴ նախագահը ընդգծեց հատուկ հետաքրքրվածությունը ոչ միայն ԱՊՀ, այլև ՀԱՊԿ և ԵվրԱզԷսի անդամ այս պետությունների հետ հարաբերություններով: Տաջիկստանի ղեկավարի հետ հանդիպման բովանդակությունը հատկապես ցույց տվեց, որ վերջին շրջանի Մոսկվա-Դուշանբե որոշակի լարված հարաբերություններում սկսվում է լիցքաթափման փուլը: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` Տաջիկստանի ղեկավարը հանդիպման ժամանակ շատ խորհրդանշական ռեպլիկ է նետել. «Մենք միշտ ըմբռնումով և մեծ հարգանքով ենք վերաբերվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերին: Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ պետք է հարգի իր դաշնակցի շահերը»:
«Այդպես էլ կլինի»,- չի հապաղել հավաստիացնել Պուտինը:
Ռուսաստանի առաջնային հետաքրքրվածությունը Կենտրոնասիական տարածաշրջանով բնական է և հասկանալի: Իրավիճակն Աֆղանստանում ամենևին կարգավորված չէ, և ՆԱՏՕ-ի զորաբանակի դուրսբերման գործընթացը սկսելուն պես իրադրությունն այնտեղ ավելի անվերահսկելի կդառնա: Ֆրանսիայի նոր նախագահ Ֆ. Օլանդը արդեն հայտարարել է Աֆղանստանից ֆրանսիական զորակազմը նախատեսված ժամկետից շուտ դուրս բերելու իր մտադրության մասին: Համանման որոշման կարող է հանգել նաև Գերմանիան: Բնականաբար Ռուսաստանը հարկադրված է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ անդամ պետությունների` Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության ապահովման համար, իսկ գուցե նաև Թուրքմենստանի, թեկուզև Աշգաբադը ընդգծված չեզոքություն է պահպանում. անգամ ԱՊՀ ներսում և ՀԱՊԿ-ում հայտնվելու մտադրություն էլ կարծես չունի, բայց իրադրության փոփոխությունը տարածաշրջանում կարող է նաև այլ որոշումներ պարտադրել:
Վերն ասվածը բնավ չի նշանակում, թե Ղարաբաղյան կարգավորումը Ռուսաստանի համար նվազ կարևոր է: Պարզապես երկու գագաթաժողովների շրջանակում այդ հարցի նկատմամբ փաստացի անտարբերություն դրսևորելով` Պուտինը միայն հաստատում է նախկինում բազմիցս արտահայտված իր դիրքորոշումը, որ հանդես է գալիս հարցի փաստացի սառեցման օգտին, եթե իրավիճակը Մոսկվայի համար այլ` ավելի շահավետ լուծումներ չի խոստանում: Իսկ այդպիսի լուծումներ առայժմ չեն նշմարվում, քանի որ ոչ կողմերն են պատրաստ արմատական զիջումների, ոչ էլ Մոսկվան այդքան ռեսուրսներ ունի այդ զիջումները պարտադրելու: Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ավելի քան պատեհ առիթը «բաց թողնելով»` Ռուսաստանի նախագահը հասկացնում է կողմերին, որ ստատուս-քվոն այսօր բավարարում է Կրեմլին, քան որևէ այլ լուծում, որը նոր վտանգներ կպարունակեր Հարավային Կովկասում Ռուսաստանի արդեն իսկ ոչ այնքան ամուր դիրքերը ավելի թուլացնելու տեսանկյունից:
Վահան Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել