HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին միանալու իր որոշման մասին

Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեց, որ մտադիր է միանալ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն։ «Այսօր նախագահը և արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության կոմիտեն որոշել են, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի»,- հայտարարել է Նինիստոն։

Ֆինլանդիայի վարչապետն էլ հայտարարել է, որ որոշումը պատմական է։ «Որպես ՆԱՏՕ-ի անդամ, մենք ևս ընդհանուր առմամբ պատասխանատվություն կկրենք Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համար»,- հավելել է Մարինը։

Ավելի վաղ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոնը շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացնել առաջիկա չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին։

«Մեր կողմից ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչը Բրյուսելում կանի դա (հայտը կներկայացնի), հավանաբար, չորեքշաբթի օրը։ Եթե սկսվեն ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները, դրանով կզբաղվի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունը»,- նշել էր նա։

Շվեդական Svenska Dagbladet թերթի աղբյուրն էլ հայտնում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կներկայացնի մեկ օր շուտ՝ մայիսի 17-ին։ Պարբերականի տվյալներով՝ հայտի ուղարկման ամսաթիվը կախված կլինի նրանից, թե արդյոք Ֆինլանդիան մինչ այդ անդամակցության վերաբերյալ որոշում կայացրած կլինի, թե ոչ։ Ֆինն փորձագետների կարծիքով՝ կա ռիսկ, որ երկուշաբթի օրը ֆիննական խորհրդարանում նախատեսված բանավեճերը, որոնք կծավալվեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ, կարող են ձգձգվել։ 

Համաձայն պլանի՝ երկու երկրները նախատեսում էին միաժամանակ իրենց փաստաթղթերն ուղարկել Բրյուսել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց աջակցությունն էին հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի ներկայացմանը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային մակարդակով քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ որոշմանը հասնելու համար, առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն»,- նշվում էր Նինիստոյի և Մարինի համատեղ հայտարարության մեջ։

«Հետք»-ը, հղում անելով ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթին, գրել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հաջորդ շաբաթ կարող են միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Ինչպես հայտնում էր Helsingin Sanomat-ը, անդամակցության հայտի համատեղ դիմումը դիտարկվում է որպես երկրների միջև համաձայնության նշան և ցանկություն՝ պաշտպանելու միմյանց։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը մեկնաբանել էր նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցության պարագայում, «Ռուսաստանը կունենա ավելի մեծ թվով պաշտոնապես գրանցված հակառակորդներ»։

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտիվորեն սկսեց քննարկվել և քաղաքական օրակարգ մտավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ավելի վաղ նշվում էր, որ այդ երկրները հնարավոր է անդամակցության հայտ ներկայացնեն ամռանը։

Իլյուստրացիան՝ REUTERS-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter