HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հոդվածի հիման վրա ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

Դատարանը բավարարել է Ծաղկաձորում անօրինական կերպով աճուրդով օտարված հողատարածքը պետությանը վերադարձնելու դատախազության հայցը, որի հիմքը «Հետքի» «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննությունն է։ Այս մասին դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում գլխավոր դատախազությունը,  2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ: 

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3 435 500 դրամը:

Դատարանի այս որոշումը կարևոր նշանակություն ունի նույնպիսի սխեմայով իրականացված՝ Ծաղկաձորում գտնվող մյուս հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու, պետության խախտված գույքային իրավունքները վերականգնելու դատախազության նախաձեռնած իրավական գործընթացի համար: 

Դեռևս դատարանի վարույթում են գտնվում թվով 24 հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հայցերը, որոնց քննության արդյունքների վերաբերյալ հետագայում նույնպես հանրությունը կտեղեկացվի»: 

Նշենք, որ դատախազության հաղորդագրությունում հիշատակված Զ․Գ․-ն Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինն է՝ Զարիկ Գևորգյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter