HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ընտրություններից առաջ Բաքուն ձգտում է չեզոքացնել իրանական գործոնի ազդեցությունը

Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև աճի միտումներ է արձանագրում: Ադրբեջանական իշխանությունների տարաբնույթ հակաիրանական հայտարարություններից և գործողություններից հետո Իրանում զայրույթի բնական ալիք է առաջանում:

Մասնավորապես, մայիսի 8-ին Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության առջև, երիտասարդների ոչ մեծ խումբ բողոքի ցույց է կազմակերպել՝ Ադրբեջանի նախագահին մեղադրելով «սիոնիզմին օժանդակելու համար», ինչպես նաև քննադատելով, որ Ադրբեջանը շիա-մահմեդական պետություն լինելով՝ կազմակերպում է «Եվրատեսիլ» մրցույթը: Սկզբունքորեն, քննադատությունն այնքան էլ անհիմն չէր, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ջերմ հարաբերությունները Իսրայելի հետ:

Սակայն պաշտոնական Բաքուն որոշեց պատասխանել ավելի աղմկոտ «ակցիայով»: Մայիսի 11-ին Բաքվում Իրանի դեսպանատան առջև ադրբեջանական երիտասարդական ինչ-որ կազմակերպությունների՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն խրախուսվող ցույցի ժամանակ ցուցարարներն առաջին հերթին պահանջել են «դադարեցնել Իրանի աջակցությունը հայկական ագրեսիային»:

Կոչեր են հնչել ընդդեմ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ այն համատեքստում, թե Իրանի ղեկավարությունը օգտագործում է կրոնը քաղաքական նպատակներով, արդարացի դիրքորոշում չի որդեգրում Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, «շարունակում է նպաստել այն ուժերին, որոնք հեղում են խաղաղ ադրբեջանցիների և սիրիացիների արյունը»: Ցուցարարներն անգամ այսպիսի բովանդակությամբ կոչեր են հնչեցրել և ցուցապաստառներ պարզել՝ «Կորչեն հոմոսեքսուալիստ մոլլաները», «Իրանը Ադրբեջանը հեղեղում է ահաբեկիչներով ու թմրանյութերով»:

Պաշտոնական Բաքուն հաջորդ օրն իսկ բացահայտեց, որ ցույցը հրահրված էր պետական շրջանակների կողմից: Ի. Ալիևի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման վարչության պետ Է. Ասլանովը լրագրողներին բացեիբաց հայտարարեց. «Ադրբեջանական երիտասարդությունը իր արդարացի բողոքը հայտնեց ընդդեմ Իրանի: Իրանի մշտական միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին խիստ տհաճ հանգամանք է: Մենք երբևէ չենք միջամտում այլ պետությունների, հատկապես հարևանների ներքին խնդիրներին: Եվ այդ տեսանկյունից երիտասարդության բողոքը յուրօրինակ արձագանք է իրանական որոշ շրջանակների հայտարարություններին»:

Բայց ամենաուշագրավն այն է, որ հակամարտության մեջ է սկսել ներքաշել նաև ադրբեջանական պաշտոնական հոգևորականությունը՝ ի դեմս Կովկասի մահմեդականների վարչության, որ գլխավորում է ոչ անհայտ Ալաշաքյուր Փաշազադեն: Այդ կառույցի, այսպես կոչված, գիտական խորհուրդը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ դատապարտելով հակաադրբեջանական ելույթներն Իրանում. «Վերջին շրջանում Իրանի որոշ կրոնական գործիչներ հանդես են գալիս հակաադրբեջանական հայտարարություններով, կան Ադրբեջանի պետական խորհրդանիշերի նսեմացման դեպքեր, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել: Դա սադրանք է Ադրբեջանի պետականության դեմ և անթույլատրելի է, ինչը մենք դիտում ենք միջամտություն մեր ներքին գործերին: Դա չարաշահում է՝ իսլամի անունով, փորձելով խաթարել կայունությունը և տարաբաժանել հասարակությունը: Այդ կարգի հայտարարությունների պատճառներն անհասկանալի են, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը: Մինչդեռ այն կար, երբ մեր կրոնական արժեքները վտանգված էին խորհրդային շրջանում, կամ էլ երբ հայկական ծայրահեղականները ագրեսիվ գործողություններ էին կատարում մեր ժողովրդի դեմ»: Հայտարարության հեղինակները, բնականաբար, մեղադրում են Իրանին Հայաստանին աջակցելու համար և կոչ անում «դադարեցնել Ադրբեջանի դեմ վիրավորանքներն ու սադրանքները»:

Փաշազադեի գլխավորած կառույցի միջամտությունն այս իրավիճակին շատ բնութագրական է, որովհետև այն յուրօրինակ լակմուսի թուղթ է ադրբեջանական վերնախավի մտահոգությունների բուն առարկան պարզելու համար: Ըստ ամենայնի, Բաքու- Թեհրան հակադրությունը մտնում է նաև հոգևոր-կրոնական ոլորտ, որի մի կողմում խորհրդային կոփվածքի պաշտոնական հոգևորականությունն է, մյուս կողմում՝ Իրանում ավանդական հոգևոր կրթություն ստացած և աստիճանաբար հեղինակություն ձեռք բերող նոր հոգևոր դասը:

Առիթ ունեցել ենք նշելու, որ Իրանում կրթված և հոգևոր կոչում ստացած հոգևորականների մեծ մասը բացահայտ հեգնանքով են վերաբերվում Փաշազադեին և նրա գլխավորած վարչությանը: Ավելին, թեկուզև Փաշազադեն ևս ներկայացնում է շիա իսլամը, սակայն նրա վարչական իշխանությունը գործնականում չի տարածվում Ադրբեջանի սահմաններից դուրս: Ըստ տեղյակ աղբյուրների՝ Ադրբեջանից դուրս Փաշազադեին է ենթարկվում միայն մեկ մզկիթ Դերբենտում, և «Կովկասի մահմեդականների վարչություն» կոչված ցուցանակը տարեցտարի ավելի է խամրում նոր սերնդի հոգևորականների գործունեության շնորհիվ:

Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի անվտանգության նախարարության բոլոր վերջին խոշոր «բացահայտումները»՝ զանազան ահաբեկչական, դիվերսիոն և տարաբնույթ այլ խմբերի հայտնաբերման և վնասազերծման մասին, որպես կանոն, ունեն իրանական հետք: Այսինքն՝ այդ գործերով կալանավորված բոլոր անձինք կամ իրանական «գործակալներ» են, կամ նրանց ազդեցության կրողները, կամ էլ գոնե ծանոթ են Իրանի որևէ քաղաքացու հետ:

Ուշագրավ է նաև, որ հիշյալ «բացահայտումների» մի մասը, այսպես թե այնպես, առնչվում է Ադրբեջանում պաշտոնական գրանցում չունեցող, բայց փաստացի գործող Իսլամական կուսակցությանը, որն իրանամետ կողմնորոշում ունի, և որի շարքերում, տարբեր աղբյուրների պնդմամբ, կան շուրջ 60000 գործուն անդամներ:

Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ Ադրբեջանում լեգալ գործող քաղաքական ընդդիմությունը սկզբունքորեն այնքան ջախջախված է, թույլ և վերահսկելի, որ երկրում չի մնացել որևէ գործուն քաղաքական կուսակցություն, որն ի վիճակի կլիներ խոչընդոտել Ալիևների կլանի հերթական վերարտադրությանը առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Միակ անվերահսկելի գործոնը, փաստորեն, իսլամիստներն են, որոնց դաշինքը լեգալ գործունեություն ծավալող որևէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի հետ կարող է խնդիրներ ստեղծել վարչակարգի համար:

Այսպիսով պաշտոնական Բաքվի վերջին ամիսների հակաիրանական հիստերիան թերևս ավելի շատ ուղղված է առաջիկա խորհրդարանական, ապա՝ նախագահական ընտրություններից առաջ անվերահսկելի գործոնների չեզոքացմանը երկրի ներսում:

Ըստ ամենայնի, այս պահին իբրև այդպիսի առաջնային գործոններ են դիտվում Իսլամական կուսակցությունն ու Փաշազադեի հսկողության տակ չգտնվող, հիմնականում Իրանում կրթություն ստացած նոր սերնդի հորգևորականները, և պաշտոնական Բաքուն չի խորշում հնարավոր ընդդիմախոսներին վարկաբեկելու ցանկացած մեթոդից: Բավական է հիշել Իրանի դեսպանատան առջև ցուցարարների վանկարկած կոչերի բովանդակությունը:

Ինչպիսին կլինի Թեհրանի պատասխանը՝ այս պահին դժվար է կանխատեսել: Իրանում խորհրդարանական ընտրությունների վերջին շրջափուլը նոր է ավարտվել, հին իշխանությունը՝ ի դեմս նախագահ Ահմադինեժադի կողմնակիցների, աստիճանաբար, բայց ակնհայտորեն զիջում է դիրքերը: Բայց նոր իշխանության ձևավորումն էլ ամենևին ավարտված չէ:

Բացի դրանից՝ Ադրբեջանը Իրանի համար այս պահին ամենամեծ գլխացավը չէ, այլ առաջնահերթ ուղղություններ կան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը, սիրիական թնջուկը, որի հանգուցալուծումն անգամ Սիրիայում խորհրդարանական ընտրություններից հետո հստակ չի երևում: Թեպետ, մյուս կողմից, Իրանը հազիվ թե անուշադրության մատնի Բաքվի ագրեսիվ վարքագիծը, և Ադրբեջանին տեղը ցույց տալու դրսևորումներ թերևս կլինեն:

Մի բան ակնհայտ է. երկկողմ հարաբերությունների ճգնաժամն արդեն բացահայտ ընդգրկում է նաև կրոնական ոլորտը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ճգնաժամն արագ և թեթև չի հաղթահարվելու: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունները Իրանի համար այժմ ավելի քան երբևէ անայլընտրանքային են:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter