
Կարմիր գծերը կդառնան կապույտ գծեր
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների համար նախատեսված կարմիր գծանշումներն այսուհետ ներկել կապույտ գույնով։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը երեկ՝ մայիսի 3-ին, հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
Երևանում վճարովի ավտոկայանտեղիների վերաբերյալ կարգավորումը սահմանված է ՀՀ կառավարության 2012թ․ հոկտեմբերի 10-ի որոշմամբ (հավելված)։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ անցած տարիների փորձը, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները, դժգոհությունները և ահազանգերը վկայում են այն մասին, որ կարմիր գույնի գետնանշումը, բավարար տեսանելի և ընկալելի չէ աչքի համար՝ հատկապես օրվա գիշերային ժամերին, նույնիսկ ներկի անցկացումից ոչ տևական ժամանակահատված հետո՝ ցերեկային ժամերին, ինչը հանգեցնում է քաղաքացիների արդարացի դժգոհությանը, կիրառված վարչական տուգանքների բողոքարկմանը, հավելյալ վարչական վարույթների իրականացմանը։
Բացի այդ, ըստ քաղաքապետարանի առաջանում են թյուրիմացություններ վճարովի ավտոկայանատեղերի և գործող օրենսդրությանը համապատասխան՝ քաղաքի տարածքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի տարբերակման առումով, քանի որ գործող կարգավորումներով նախատեսված են միևնույն՝ կարմիր գույնի գետնանշում:
Երևանի քաղաքապետարանն այս նախագծով ակնկալում է, որ վճարովի կայանատեղերի համար առաջարկվող կապույտ գույնի գետնանշման կիրառումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ծառայությունից օգտվելու մատչելիությունը և հարմարավետությունը և խուսափելու ավելորդ պարզաբանումներից, դրանից բխող հավելյալ գործառույթներից։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կարմիր գծերով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ գործում են միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ 1 ժամվա համար նախատեսված վճարը 100 դրամ է, 1 օրվանը՝ 500 դրամ, 1 շաբաթվանը՝ 1000 դրամ, 1 ամսվանը՝ 2000 դրամ, ընթացիկ տարվահամար էլ՝ 12 հազար դրամ։
Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունն իրավական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել