
Երևանի քաղաքապետարանը 280 նոր վերելակների գնման պայմանագիր է կնքել
Երևանի քաղաքապետարանը 280 նոր վերելակների գնման պայմանագիր է կնքել։ Վերելակները կմատակարարի «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ն։ Պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի մարտի 22-ին, սակայն պետական գնումների armeps.am համակարգում հրապարակվել է 3 օր առաջ՝ ապրիլի 28-ին։
280 վերելակների համար Երևանի քաղաքապետարանը «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ին կվճարի ընդհանուր 2 միլիարդ 800 միլիոն դրամ, մեկ վերելակի արժեքը 10 միլիոն դրամ է։
Վերելակները կտեղադրվեն մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում (բացառությամբ Նուբարաշենի և Նորք-Մարաշի)` տարբեր բաշխվածությամբ։ Օրինակ` 280 վերելակներից 62-ը կտեղադրվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, 39-ը՝ Նոր Նորքում, 38-ը՝ Կենտրոնում և այլն։
Երևանի քաղաքապետարանի և «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի համագործակցությունը սկսվել է 2019 թվականից, երբ քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին Երևանի բնակելի շենքերի վերելակների փոխարինման գործընթացը։ Այդ ժամանակվանից սկսած քաղաքապետարանի և ընկերության միջև կնքվել է ընդհանուր 6 պայմանագիր։
2019-ին ընկերությունը 159 միլիոն դրամի դիմաց տեղադրել է 17 վերելակ։ 2020-ին քաղաքապետարանի և «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով փոխարինվել է 500 վերելակ, պայմանագրի արժեքը կազմել է 4 մլրդ 678 մլն դրամ։
Ինչպես արդեն նշեցինք, 280 նոր վերելակների գնման պայմանագիր է կնքվել 2022-ի մարտի 22-ին, սակայն այս տարված ընթացքում քաղաքապետարանը տարբեր պայմանագրերով այդ ընկերությունից արդեն իսկ ձեռք էր բերել 148 նոր վերելակ։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը 2019-2022 թթ․ ընթացքում «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ից ձեռք է բերել ընդհանուր 945 վերելակ։
Հավելենք, որ «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի տնօրենն ու 75 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռաֆայել Գրիգորյանն է։
Մեկնաբանել