Էդվարդ Նալբանդյան. «Վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը»
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին Նյու-Յորքում մասնակցեց Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, որը կազմակերպել էր Հայ օգնության ֆոնդը' Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:
Մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ երեկոյին ներկա էր շուրջ 600 մասնակից' ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Արտգործնախարարն ասաց, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ, լինելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, և նախատեսվում են նորերը:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո, Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Փարիզի Օլիմպիա համերգասրահում տալու է համերգ' նվիրված Հայաստանի 20-ամյակին:
«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը. հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. «Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»»,- վերհիշեց Էդվարդ Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը վստահ է, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել են Ազնավուրի հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։
«Նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ և ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։ Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել