
Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման ավտոմատացված համակարգ կստեղծվի
Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ կստեղծվի։ Այս նպատակով Կառավարությունը 23 մլն 400 հազ․ դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 28-ի նիստում։
«Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով բոլոր մեքենաները պետք է ստուգեն սարքավորումներն առնվազն 2 տարին մեկ անգամ։ Կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվում է 3 տարին մեկ անգամ։ Երկու համակարգ է գործում․ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո նաև՝ ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նախարարի՝ տվյալների շտեմարանը ղեկավարելու է ՏԿԵ նախարարությունը։
«Մի շարք գործընկերների տրվել է թույլտվություն այդ համակարգից օգտվելու, մասնավորապես՝ գազալցակայաններին, տեսչական մարմիններին։
Երբ մեքենան գնաց կայան, ստուգվեց, ոչ միայն թղթային տարբերակով, այլև էլեկտրոնային տարբերակով տվյալները լրացվում են, հետո, երբ գնում է գազալցակայան, աշխատակիցը, լիցքավորելուց առաջ մեքենայի համարը հավաքելով այդ համակարգի մեջ, տեսնում է՝ մեքենան անցել է ստուգում, թե չէ։ Եթե մեքենան չի անցել ստուգում, չի լիցքավորում։
Գլխավոր նպատակն անվտանգությունն է, բայց նաև վերջիվերջո կհասկանանք՝ մեր երկրում գազով աշխատող ինչքան մեքենա կա, այս տվյալները բավական թերի են»,- ասաց նա։
Սանոսյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում 12 լիցենզավորված ընկերություն կա, որոնք կարող են նման ծառայություն մատուցել։
«Գիտենք, որ Հայաստանում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա, և ժամանակ առ ժամանակ մենք պարզապես սպասում ենք, թե հաջորդ պայթյունի լուրը երբ ենք տեսնելու լրահոսում»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝
Ավտոմեքենաների գազաբալոնների փորձաքննության համար բավարար թվով կազմակերպություններ չկան
Մեկնաբանել