
Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը կրկին 6 ամսով կերկարաձգվի
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հայաստանից սև և գունավոր մետաղների արտահանման արգելք սահմանելու մասին որոշումը կառավարությունն ընդունել էր դեռևս 2021թ․ հունվարի 14-ի նիստում։ Դրանից մեկ տարի անց՝ կառավարության 2022թ․ հունվարի 20-ի նիստում որոշվեց արտահանման արգելքը երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2022-ի հուլիսի 25-ը։ Այժմ էլ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման արգելքը երկարաձգել կրկին 6 ամսով՝ մինչև 2023թ․ հունվարի 26-ը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021-ի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունը՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:
«Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մտաղամշակման ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»,- ընդգծում է էկոնոմիկայի նախարարությունը:
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել