HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվեց երիտասարդների կարիերայի առաջին տոնավաճառը

Մայիսի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվեց «Կառուցիր քո ապագան այսօր. կրթություն, զբաղվածություն, տնտեսություն» խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառը' ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ջանքերով:

Շուրջ 100 գործատու, 7 բարձրագույն ուսումնական հաստատության կարիերայի կենտրոններ և միջոցառման 10 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ տրամադրում էին խորհրդատվություն կարիերայի վերաբերյալ և ուսանողներին օգնում էին համապատասխանեցնել իրենց առարկայական ծրագրերը' թափուր աշխատատեղերին դիմելիս մրցունակ դառնալու նպատակով:

Միջոցառման ժամանակ կազմակերպված սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին աշխատանք որոնելու, ինքնակենսագրական կազմելու, հարցազրույցի մասնակցելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու և գործատուներին պատշաճորեն ներկայանալու հմտություններ:

Միջոցառման բացման արարողության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ջոն Սեոնգը նշեց, որ «այս մրցունակ աշխարհում Հայաստանն այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունի բիզնեսում, կառավարության մեջ, դատարաններում և դպրոցներում ներգրավել իր ամենախելացի և ամենաշնորհալի մարդկանց' բարձրացնելու երկրի մրցունակությունը, պատշաճ սոցիալական ծառայություններ տրամադրելու իր բոլոր քաղաքացիներին և կրթելու իր սաներին»:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչ Գոհար Սարգսյանն ասաց. «Սա ոչ միայն հրաշալի հնարավորություն է ուսանողների համար հանդիպել գործատուների հետ, ովքեր առաջարկում են աշխատատեղեր և մասնագիտական պրակտիկա, այլև լավ առիթ է գործատուների համար' երիտասարդ սերնդին բացատրելու, թե ինչ աշխատատեղերի կարիք ունեն, և նրանց ներկայացնելու շուկայի միտումները»:

Տոնավաճառի կազմակերպմանն աջակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատը, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը և Գլոբալ զարգացումների հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter