
ՄԻՊ-ը Սյունիքի մարզում հանդիպել է Եվրամիության դեսպանին և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Սյունիքի մարզ այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը։
Պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։
Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։
Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։
Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը ուղևորվել է Գորիս։
Մեկնաբանել