HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են Հայաստան-Իրան չորսամյա համագործակցության արդյունքները

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ և զարգացումներ են ստացել:

«ԻԻՀ կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա՝ Իրանի քաղաքակրթության, ժողովրդի և պետության զարգացման տեսանկյունից: Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնց, լինելով ԻԻՀ քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով և չկորցնել ազգային ինքնությունը»,-նշել է Ա. Աշոտյանը և երկու երկրների ժողովուրդներին մաղթել խաղաղություն և բարեկեցություն:

Դեսպանը, ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության՝  մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է ԻԻՀ ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաև արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում:

Դեսպանն ընդգծել է, որ երբեք չի մոռանա հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս նախանշված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter