
Դեղարտադրողների հետ քննարկվել են ԵԱՏՄ ոլորտին վերաբերող մի շարք հարցեր
Օրերս կայացել է ԵՏՀ պատասխանատու մասնագետների և ԵԱՏՄ խոշոր դեղարտադրողների, նորարարական դեղագործական ընկերությունների ղեկավարների հանդիպումը՝ քննարկելու դեղագործական արտադրանքի մատակարարման, դրանց ապահովածության բարձրացմանն ուղղված հարցերն ու դեղագործական արդյունաբերության ներկայիս հիմնախնդիրները։
Հանդիպման մոդերատոր, Հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը կարևորել է դեղագործական արդյունաբերության կայունության ապահովումը հատկապես ներկայիս՝ իր որակավորմամբ «ճգնաժամային իրավիճակում», ինչը կապված է ոչ միայն դեղերի և դեղագործական նյութերի մատակարարման սահմանափակումների, այլև առհասարակ՝ մատակարարման շղթաների խախտման հետ։
Սակայն նա նշել է, որ չնայած եղած սահմանափակումներին, որոնք հիմնականում պայմանավորված են եղել կորոնավիրուսի համավարակով, եղել են նաև դրական փոփոխություններ. օրինակ՝ ավարտվել է միասնական դեղագործական շուկայում շրջանառվող դեղերի որակի ապահովման և վերահսկման համակարգի ձևավորումը, ընդունվել է միության միասնական դեղագիրքը, որն աշխարհում գործող երկրորդ տարածաշրջանային դեղագիրքն է։
Ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են նաև մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են դեղերի արտադրության ընդլայմանը, Միության շրջանակներում համագործակցության շղթաների ձևավորմանը, դեղերի և դեղագործական նյութեր արտադրողների համար աջակցության միջոցների կիրառմանը։
Այդ հարցերի լուծման համար դեղագործական ընկերությունները կարևորել են առողջապահության ոլորտում Միության նորմատիվ իրավական դաշտի խնդիրների կարգավորումը։
Միջոցառման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն մասնակցել Միության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով հաստատված գործողությունների պլանի իրականացմանը՝ բարձրացնելու ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների և դեղագործական նյութերի ապահովվածության մակարդակը։
Նշենք, որ այդ դեղերի արտադրությունն ու շրջանառությունը ԵԱՏՄ-ում պետք է ապահովվի մինչև 2024թ.։
Ծրագրի իրականացումը, մասնակիցների խոսքով, կարող է որակական բարեփոխումների հիմք դառնալ ոչ միայն դեղագործության, այլև դրա հետ անմիջականորեն կապված արդյունաբերության՝ քիմիական, ագրոարդյունաբերական և մի շարք այլ ոլորտներում:
«Ցանկանում եմ նշել մեր աշխատանքի սոցիալական բարձր նշանակությունը և ԵԱՏՄ երկրների արտադրական, գիտական և տեխնիկական ներուժը համատեղելու անհրաժեշտությունը,- հանդիպան ժամանակ ասել է Արտակ Քամալյանը։- Ինչպես ցույց է տալիս փորձը, միայն համատեղ ջանքերով կարող ենք հասնել անհրաժեշտ արդյունքների՝ հնարավոր բոլոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է նա։
Մեկնաբանել