
Մեղրաձորում ոսկու երկրորդ հանքավայրը շահագործելու հավակնորդներ են հայտնվել
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում անցկացվելու են հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ «Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող Մեղրաձորի ոսկու հանքավայրի արևմտյան տեղամասի ոսկու երևակման 2022-2025 թվականների երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ:
Սա առաջին` նախնական հանրային լսումն է, քանի որ նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կայքում դեռևս տեղադրված չէ, և չկա հանրային լսման վերաբերյալ ՇՄՆ պաշտոնական ծանուցումը:
Մեղրաձորի վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տարածքներ են հայցում ոսկի որոնողները: Վերջինս նշեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և որքանով տեղյակ է, դա ընկերության վաղուցվա ձեռք բերած սեփական տարածքներն են: Այլ մանրամասներ ճշտելու համար վարչական ղեկավարն ուղղորդեց Ծաղկաձորի համայնքապետարան:
Ծաղկաձորի համայնքապետարանից էլ ուղղորդեցին դեպի «Արտ» ՍՊԸ: Ընկերության ներկայացուցիչ Վաչե Թանգյանը պատմեց (Գորիսի հարկային տեսչության նախկին տեսուչ է եղել), որ ընկերությունը շուրջ 40 հա տարածք ունի գործող հանքավայրին հարակից, որտեղ էլ նախնական մտադիր են որոնողահետախուզական աշխատանքներ իրականացնել: Սակայն գուցե երկրաբանների հետ խորհրդակցելուց հետո այլ տարածքներ ևս ուսումնասիրելու անհրաժեշտություն լինի: Եղանակները տաքանալուն պես այդ գործով պետք է զբաղվեն` հստակեցնեն տարածքները:
Ընկերության բնապահպանական հարցերով խորհրդատու Զարուհի Զուռնաչյանն էլ (ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական» ՊՈԱԿ-ի նախկին փորձագետ) մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ հողերի, ոչ տարածքի վերաբերյալ հստակություն չկա, քանի որ ապրիլի 11-ին դեռևս առաջին հանրային քննարկումն է, որը ընկերության մտադրությունների վերաբերյալ է: Եթե համայնքը համաձայնություն տա, նախագծման աշխատանքները կընթանան, և հարցերը կհստակեցվեն:
Վաչե Թանգյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում ընկերությունը: Վերջինս նշեց, որ ընկերությունը մինչ օրս որևէ գործունեությամբ չի զբաղվել, հիմնադրվել էր այդ հանքավայրի շահագործման նպատակով, սակայն տարբեր պատճառներով աշխատանքներ այդ ուղղությամբ մինչ օրս չեն կատարել:
«Արտ» ՍՊԸ-Ն հիմնադրվել է 2015թ.-ին` Արայիկ Մկրտչյանի կողմից: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: Վաչե Թանգյանը վստահեցրեց, որ ինքը հիմնադրի ավագ որդու ընկերն է, և իրենց նախաձեռնությամբ են որոշել սկսել որոնողահետախուզական աշխատանքները:
Մեղրաձորում, հիշեցնենք, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն 2012-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք և շահագործում է ոսկու հանքավայրը: Բացի դրանից, «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի համար: Չնայած ՏԿԵՆ-ի նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր վերջին ընկերության ընդրեքօգտագործման իրավունքը, սակայն «Պարամաունտ գոլդ մայնինգ»-ը դատարանով անվավեր ճանաչեց նախարարի հրամանը: Սակայն ՏԿԵՆ-ն բողոքարկել է վճիռը, և Վերաքննիչ վարչական դատարանը գործով նիստ է նշանակել այս տարվա հոկտեմբերին:
Մեկնաբանել