
Երևանում փողոցային ստեղծագործական ելույթները կլինեն թույլտվությամբ․ նախագիծ
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է կանոնակարգել մայրաքաղաքում փողոցային ստեղծագործական ելույթները և այդ լիազորությունը վերապահել ավագանուն, որը կսահմանի փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում։
Ըստ քաղաքապետարանի՝ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Երևանի հանրային վայրերում և բացօթյա տարածքներում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործություններ (երաժշտական, գրական, պարային և այլն) կատարող անհատների կամ խմբերի կողմից իրականացվող գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել մայրաքաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:
Ուստի քաղաքային իշխանություններն առաջարկում են լրացում կատարել օրենքում և ավագանու լիազորությունների մեջ ավելացնել փողոցային ստեղծագործական ելույթներ իրականացնելու կարգի սահմանումը։
Հավելենք, որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը դեռևս միայն նախագծի կարգավիճակում է և օրինական ուժ կստանա միայն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում։
Մեկնաբանել