
Հայաստանի հավաքականը մնացել է 92-րդ տեղում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը մարտի 24-ին 1-0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին, իսկ ամսի 29-ին 0-9 հաշվով խայտառակ պարտություն կրեց Նորվեգիայից, մնացել է նույն տեղում՝ 92-րդ հորիզոնականում:
Համաշխարհային ցուցակի առաջին հորիզոնական է բարձրացել Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Նիդերլանդները:
Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում մեր մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 39-րդը, իսկ Իռլանդիան՝ 47-րդը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, Ռուսաստանը 36-րդն է, Ուզբեկստանը՝ 83-րդը, Վրաստանը՝ 85-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 21-րդն է, Թուրքիան 43-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 85-րդը, իսկ Ադրբեջանը՝ 129-րդը։
Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունիսի 23-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել