
Սևանա լճի ափին 4 նոր հանրային լողափ կբացվի
Շրջակա միջավայրի նախարարությունն (ՇՄՆ) առաջարկում է Սևանա լճի ափին 4 նոր հանրային լողափեր բացել, և այդ նպատակով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրերից 1-ական հեկտար տարածք հատկացնել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես նշված է որոշման նախագծում, հանրային լողափերի կազմակերպման համար Գավառ քաղաքի, Լճափ և Շողակաթ բնակավայրերի հարակից տարածքներից կտրամադրվի 1-ական հեկտար հողամաս, իսկ Մարտունի քաղաքի հարակից տարածքից կտրամադրվի 1,2 հեկտար։ Նախագծի հավելվածում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է լողափերի տեղադիրքերը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոր հանրային լողափերի կազմակերպման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական և բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը։
Ներկայում Սևանա լճի ափին գործում է 8 հանրային լողափ, որոնցից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են միայն 3-ը: ՇՄՆ-ի տվյալներով՝ հանրային լողափերում իրենց հանգիստն են անցկացնում տարեկան 90 հազար քաղաքացիներ։
Ինչպես ընդգծում է շրջակա միջավայրի նախարարությունը, գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները, և մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի բնակավայրերին կից։
Հավելենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել