Արցախում կբեմադրվի «Մուսա լեռան քառասուն օրը»
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանից եւ ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների եւ դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:
Երկուստեք նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախներում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել