
Արարատ Միրզոյան. «Անթալիայի դիվանագիտական ֆորումին նախարարի մակարդակով մասնակցելը ճիշտ որոշում էր»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին արգտգործնախարարի մակարդակով մասնակցելը ճիշտ որոշում էր: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց նախարարը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:
«Հետահայաց նայելով՝ կարծում եմ, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին նախարարի մակարդակով մասնակցելը ճիշտ որոշում էր։ Ինչպես մինչ այդ հրապարակավ, այնպես էլ հիմա ուզում եմ ասել, որ մենք վստահ ենք` Հայաստանը ու Թուրքիան կարող են և՛ արժե, և՛ պետք է կարգավորեն հարաբերությունները, սահմանները բացեն: Կարծում եմ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ»,- ասաց նախարարը:
Միրզոյանի խոսքով` թուրք գործընկերոջ հետ շոշափելի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն երկու կողմերն էլ ևս մեկ անգամ վերահաստատել են, որ շարունակում են երկխոսությունն առանց նախապայմանների` նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները:
«Մի փոքր տակտիկական էսպես ասած կամ տեմպի առումով որոշակի տարբերություններ կան երկու կողմերի միջև, բայց ընդհանուր առմամբ առնվազն վերբալ մակարդակով երկու կողմն էլ հաստատում ենք՝ վերջնարդյունքը հենց սահմանների բացումն է: Ընթացիկ խնդիրներ էլ ենք քննարկել այդ կոնտեքստում` սահմանային, առևտրային և այլն, որպեսզի դյուրացնենք այդ ոլորտում գործող մեր հայրենակիցերի կյանքը: Առաջիկայում եթե շոշափելի արդյունքներ լինեն, ևս մեկ անգամ կանդրադառնանք այդ հարցին»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել