
Վահան Քերոբյանը 7% տնտեսական աճն իրատեսական է համարում
Կառավարության համար տնտեսական աճի 7 տոկոս թիրախը շարունակում է պահպանվել, գործադիրում բավական պոտենցիալ են տեսնում հասնելու այդ թիրախին: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին նման համոզմունք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր, որ Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է՝ 5.3 տոկոսից նվազեցնելով հասցրել է 1.6 տոկոսի, ապա հետաքրքրվել, թե նախարարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի:
Վահան Քերոբյանն արձագանքեց` կառավարության տնտեսական աճի թիրախը 7 տոկոս է:
«Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե ԿԲ-ն, թե Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մենք դեռևս բավական պոտենցիալ տեսնում ենք մեր տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում հասնելու այն թիրախներին, որը կառավարությունը դրել է իր առջև: Իհարկե, դա դժվարացել է այս նոր իրավիճակներում, բայց անհնարին չի դարձել: Մեր թիրախը դեռևս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,-ասաց նախարարը:
Վահան Քերոբյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՏՄ-ում բավականին լայն ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են, ինչն իր համոզմամբ օգնելու է, որ գնաճային ճնշումները նվազեն:
«Բայց դա դեռ վերջը չէ, նոր ցուցակներ են գալիս, որոնք կրկին պետք է օգնեն գնաճային ճնշումները նվազեցնելու»,-եզրափակեց Վահան Քերոբյանը:
Մեկնաբանել